Հայաստանում ձևավորվում է իրանական կառավարման համակարգի նման մոդել: Իրանի պետության գլուխն է համարվում Հոգևոր առաջնորդը: Նա ընտրվում է Փորձագետների խորհրդի կողմից: Իրանի նախագահը, ըստ էության, հանդիսանում է երկրի վարչապետը, և խորհրդարանական ընտրությունները, որպես կանոն, բավականին ազատ են ընթանում: Հոգևոր առաջնորդը պահպանում է հեղափոխական արժեքները, որոնց, ուզի, թե չուզի, ենթարկվում են Նախագահը և Խորհրդարանը: Իսկ նախագահ-վարչապետին ընտրում են համընդհանուր նախագահական ընտրությունների միջոցով:

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո մոտավորապես նման մի մոդել են ցանկանում ձևավորել: «Ռեզերվում» ունենալով մի քանի հարյուր հազար ձայն` երկրից բացակայողների ձայները, Հանրապետականները փաստորեն ապահովելու են խորհրդարանական մեծամասնությունը, որոնց վերահսկելու է «Հոգևոր առաջնորդը»՝ Սերժ Սարգսյանը, ով, ըստ էության, առանց ընտրվելու պահպանելու է «հեղափոխական արժեքներ»: Ամենահետաքրքիրը հաջորդ տրամաբանական քայլերն են: Եթե խորհրդարանական մեծամասնությունը միշտ հանրապետականներինն է լինելու, որոնք փաստորեն վերածվում են «Փորձագետների խորհրդի», ապա իրական պայքարն ընթանալու է խորհրդարանի երկրորդ տեղի համար, որը և կարող է ձևավորել կառավարությունը: Երկրորդ տեղի համար պայքարը հենց վարչապետի պոստի համար պայքար է նշանակում, և անգամ հնարավոր է, որ այդ պայքարը լինի արդար: Բացի հանրապետականներից, մյուսների պայքարը կարող է ընթանալ առանց ընտրակեղծիքների:
Այ այստեղ է բացահայտվում ապագա քաղաքական պայքարի բուն իմաստը:
Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ վարչապետի համար պայքարելու հայտ են ներկայացրել Բարգավաճ Հայաստանը (թեկնածու` Հովիկ Աբրահամյան), Դաշնակցություն (թեկնածու` ում Բյուրոն կորոշի), Օրինաց երկիրը (թեկնածու` Արթուր Բաղդասարյան) և Քաղաքացիական Պայմանագիր (թեկնածու` ըստ երևույթին Խաչատուր Սուքիասյան): Սա է այսօրվա քաղաքական պայքարի սպասվող ուրվագիծը: Սակայն կա ևս մի կարևոր նախապայման: Վարչապետի համար պայքարող քաղաքական ուժերը պետք է ընդունեն ձևավորվող մոդելը և խաղան ըստ առաջարկվող խաղի կանոնների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել