Մի տեղ մի ստատուսի հանդիպեցի, որում հեղինակը վիճարկում էր Վարդան Մամիկոնյանի կերպարը՝ հարցականի տակ դնելով նրա հերոսության հայտնի պատմությունը։ Ես մի քիչ զայրացած մի ստատուս գրեցի և ասացի, որ ցանկացած ժողովուրդ հերոսների կարիք ունի, և պետք չէ մեր հերոսներին վատաբանել և որպես հերոս թվարկեցի նաև Վազգեն Սարգսյանին։ Այս հանգամանքն իմ որոշ ընկերների դուրը չեկավ։ Նրանք համոզված են, որ Վազգենը հերոս չէ, այլ ընդհակառակը։

Ահա հետևյալ պատասխանն իմ այդ հարգելի ընկերներին։ 
Գուցե այն կհետաքրքրի նաև այլոց։

Վազգեն Սարգսյանի գործունեությունն Արցախյան ազատամարտում շատերն են համարում հերոսական, որոնց թվում նաև ես եմ այդ կարծիքին։ Որպես սուբյեկտիվ գնահատական սա է իմ կարծիքը ճիշտ այնպես, ինչպես ձեր տված բացասական գնահատականն է տվյալ անձի նկատմամբ սուբյեկտիվ։ 
Մարդկային հարաբերությունները շատ ավելի լայն ու ընդգրկուն են, քան այս կամ այն մարդուն տրված գնահատականի հարցն է։ 
Եթե ես տարբեր թեմաներով ձեր արտահայտած կարծիքներին ու մտքերին հավանություն եմ տալիս, երբեք էլ չեմ մտածում, թե դուք որ քաղաքական գործիչի մասին ինչ կարծիքի եք։ Ես իմ կարծիքն ունեմ ձեր մասին, և այն կախված չէ նրանից, թե դուք ինչ կարծիք ունես Պողոսի կամ Պետրոսի մասին։ 
Իսկ ժողովուրդներին իրոք հերոսներ են պետք։ Եթե Մանվելի ու Սեյրան Սարոյանի բախտը բերեր, ու մի քոռ գնդակ կպներ նրանց պատերազմի դաշտում, դուք կտեսնեիք, թե երկրում նրանց ինչ մի գովք կսկսվեր, ու ինչպես կհերոսացնեին։ Բոլոր անցած-գնացած մարդիկ, ում մենք հերոսներ ենք համարում, ունեցել են իրենց լավ ու վատ, օգտակար ու վնասակար հատկությունները, և ապրողները դրա վրա չպիտի կանգ առնեն։ Մեր սերունդը կանցնի, կգնա՝ իր հետ տանելով նրանց հետ ունեցած իր տարաձայնություններն ու անհամաձայնությունները։ Դրանք կմոռացվեն, կգնան, կմաքրվեն այդ մարդկանց մասին ասեկոսեներից կազմված երբեմն ճիշտ, երբեմն էլ սխալ պատկերացումները, և նրանք կմնան ժողովրդի հիշողության մեջ՝ որպես մաքուր ու անարատ հերոս մարդիկ։ Այդպես կլինի ավելի շատ ոչ թե նրա համար, որ նրանք իրոք իդեալական մարդիկ էին, այլ նրա համար, որ տվյալ պահին ապրող ժողովրդին այդպիսի միֆական կերպարներ են անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել