2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել եկամտահարկում կատարված փոփոխությունները. ըստ այդմ՝ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում է պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծում՝ աջակցում քաղաքացիներին՝ առավել մատչելի պայմաններով լուծելու բնակարանային ապահովվածության խնդիրը և նպաստում շինարարության ոլորտի ակտիվացմանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կրկին անդրադարձել է վերոնշյալ թեմային, քանի որ քաղաքացիներից ահազանգներ են հնչում «գործընթացի բարդության և մեխանիզմների անհստակության» վերաբերյալ:

Քաղաքացիների ահազանգած խնդիրներն ուսումնասիրելու ու լրացուցիչ անհարթությունները կարգավորելու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը` կարճ ժամկետում ուսումնասիրելու հասարակության կողմից բարձրացված հարցադրումները՝ առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները:

Վերոնշյալ նախաձեռնությունը բավականին դրական արձագանք էր ստացել հասարակության կողմից, անհրաժեշտ է այս պահին վերացնել հնարավոր խոչընդոտները՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել