Պալմիրայի անկումն անկյունաքարային պահ է մարդկության պատմության մեջ: Բարբարոսների բանակը շուտով կոչնչացնի աշխարհի այս նախավերջին հրաշալիքը և կշարժվի դեպի աշխարհի ամենահին, շարունակաբար բնակեցված քաղաք՝ Դամասկոս: Ակնհայտ է, որ սիրիական պատերազմում բեկում է տեղի է ունենում: Կառավարական ուժերն այլևս առհավետ կորցնում են տարածքներ, որոնք ուրվագծում են պաշտպանության վերջին գոտիները՝ Լաթակիա և Դամասկոս: Դամասկոսի անկման պարագայում հետևանքներն իր վրա զգալու է ողջ տարածաշրջանը և ոչ միայն տարածաշրջանը:
Համաշխարհային հեռուստաալիքներն օրվա նորությունն են հայտարարում Թդմորի անկումը, իսկ ֆեյսբուքում բնակվող հայությունը հանգիստ շարունակում է իր ճղճիմ ստատուսներն ու գրոտեսկային հոդվածները: Մինչդեռ դարաշրջան է փոխվում: Սկսվում է մի ժամանակ, որ ապոկալիպտիկ դրսևորումներ է ունենալու, մի ժամանակ, որն իրենից անմասն չի թողնելու և ոչ մեկի:
Եվ թվում է՝ աշխարհը շարժվում է իր հունով: Սակայն դա խաբուսիկ հուն է: Շուտով՝ ընդամենը մի քանի տարուց, մարդկությունն ականատես կլինի աննախադեպ փոփոխությունների, որոնք հրահրեցին նավթը, ագահությունն ու խորը անբարոյականությունը և, իհարկե, մարդկային տգիտությունն ու մակերեսայնությունը: Եվ թվում է՝ վերջին ախտերին անհաղորդ չի նաև մեր ժողովուրդը, մի ժողովուրդ, որին նոր արհավիրքից ընդամենը չորս հարյուր կիլոմետր է բաժանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել