Մայիսի 14-ին Վարշավայի Ազգային մարզադաշտում մեկնարկեց գրքի 6-րդ միջազգային տոնավաճառը, որն անց էր կացվում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու բարձր հովանու ներքո:

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան, Լեհաստանի Սեյմի վիցեմարշալեկ Յերժի Վենդերլիխը, Լեհաստանի ազգային կրթության նախարար Յոհանես Կլուզիկ-Ռոստկովսկան, Լեհաստանի նախագահի աշխատակազմի և Վարշավայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի, Լեհաստանում Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի դեսպանները, Վարշավայի ֆրանսիական ինստիտուտի ղեկավարը, դիվանագետներ, ֆրանսիական, լեհական և աշխարհի այլ երկրների ճանաչված գրահրատարակչությունների և լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Վարշավայի գրքի փառատոնին իր տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը: Տաղավարում, բացի վերջին մի քանի տարիներին Հայաստանում հրատարակված գրքերից, ներկայացված էին նաև վերջին մեկ տարվա ընթացքում լեհերեն լեզվով հրատարակված` Հայաստանի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, ճարտարապետությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի պատմությանը վերաբերող գրքեր:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո ունեցած շրջայցի ժամանակ Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան այցելեց նաև Հայաստանի տաղավար` ուսումնասիրելով տաղավարում ներկայացված գրքերը: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն Առաջին տիկնոջը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում լեհերեն լեզվով հրատարակված գրականությունը:

Վարշավայի գրքի 6-րդ միջազգային տոնավաճառն աննախադեպ էր այցելուների թվով` 4 օրվա ընթացքում հյուրընկալելով շուրջ 50000 մարդու:

Մայիսի 16-ին տոնավաճառի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրքերի շնորհանդես և մամլո ասուլիս, որին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Ելույթներով հանդես եկան և իրենց ստեղծագործություններն ու կատարված աշխատանքները ներկայացրին նաև գրքերի հեղինակներն ու Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը: Շնորհանդեսի շրջանակներում լեհ ընթերցողին ներկայացվեցին Մոնիկա Ագոպսովիչի` 2014թ. նոյեմբերին տարվա լավագույն պատմական գիրք ճանաչված «Սահմանային Պոկուտիա. Հայաստանի Ռեչ Պոսպոլիտա» գիրքն, ինչպես նաև «Հայաստանի անցյալից» խորագրով Ստեփան Լիսիցյանի պատմվածքների լեհերեն թարգմանությունը, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»-ը, Կշիշտոֆ Ստոպկայի «Գրով ընկալվող լեզուները. կիպչատյան-հայկական և լեհ-հայկական ալոգրաֆիան հին Լեհաստանի մշակույթում» գրքերը, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի լեհերեն թարգմանությունը, Ջոնաթան Հովհաննես Ուբստերի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ես լսեցի սոխակի երգը» գիրքը, Աստվածատուր իլովացի Գասպարյանի «Խաչքար» բանաստեղծությունների ժողովածուն` հայերեն և լեհերեն լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել