Hraparak.am-ը գրում է.

«Եղավ այնպես, որ մենք պայքարեցինք, պայքարեցինք, եկանք այստեղ, ու չգիտես որտեղից ինչ-որ մեկը Մակեդոնացու օրենքի համաձայն՝ «Եկա, տեսա, հաղթեցի», ներխուժեց մեր խորհուրդի մեջ, բարձրաձայնեց այնպիսի բաներ, որ մեր հետ ոչ մի անգամ չի խորհրդակցել»․ նշում է «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի» անդամներից Մխիթար Օհանյանը։

Գուշակեք, թե ում մասին է խոսքը… Պարզվում է այս օրերին մեծ «պոպուլյարություն» վայելող Արման Գալստյանն այդքան էլ «հաճելի անձնավորություն» չէ իր կոլեգաների շրջանում։ Նրան մեղադրում են «վերևներից» պատվեր կատարելու մեջ։

«Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի» անդամներն այսօր տեղեկացրեցին, որ միայն լրատավամիջոցներով են տեղեկացել Արման Գալստյանի ու կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդպման մասին։ «Այս պայքարի մեջ ոչ մեկս անկախ իրարից քայլեր չենք անում, համաձայնեցնում ենք մեկս մյուսի հետ։ Ես կոնկրետ նախարարությանն եմ դիմում այս հարցադրումով, նա ուզում է սեպ խրի անհատ տաքսու վարորդների մեջ։ Սեպարատ բանակցություններ, պայմանավորվածություններ… մենք կողմ ենք, որ այդ բանակցությունները լինեն բաց, հասանելի բոլորին։ Մեզ շնորհ չեն անում կանչեն, բանակցությունները վարենք իրենց հետ։

Մենք ոչ մի պատասխան չենք ստացել»․ ասաց կազմակերպության համանախագահ Արսեն Պետրոսյանը։ Տաքսու վարորդները նույնիսկ հասցրել են որոշակի եզրակացություններ կազմել Արման Գալստյանի հայտարարություններից, Պետրոս Ղազարյանի հաղորդմանը հնչած խոսքերից․ «Արմանը եղել է մեր հետ, հարյուրավոր վարորդներից մեկը։

Հիմա տեսեք, հանդիպել է ինքը նախարարի հետ, մենք դրանով ենք մտահոգված, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք, հանձնարարվել է Արմանի հետ ծրագիր մշակել։ Արմանն ասում է բոլորին բերենք տարածքներ, «պարկեր» ստեղծենք, բոլորին տեխզննում, բուժզննում անցկացնենք, մոտ եռեսուն հազար հոգի դուրս թափենք՝ սաղ թմրամոլ են։ Մենք մտահոգված ենք, որ որոշ օլիգարխ թևերից ներմուծված է, որպեսզի Հայաստանում պարկեր ստեղծվեն, այս սաղ տաքսիները լցվեն այն պարկերը»․ ասաց Տիգրան Հովհաննիսյանը։ Արման Գալստյանն ու վարորդները հանդիպում ունեցել են, սակայն Արման Գալստյանը ցանկանում է անհատական պայքարել իրավունքների համար և չի ցանկացել հաշվետու լինել իր ասածների համար։ Հ․Գ․ Տաքսու վարորդներն անհանգստացած են, քանի որ մի քանի տարի առաջ Գագիկ Բեգլարյանը ցանկություն էր հայտնել տաքսիների համար մեծ «պարկ» ստեղծել։ Օլիգարխների հետ տաքսու վարորդները, սակայն չեն ցանկանում գործ բռնել, համարում են, որ դա շատ վտանգավոր գործ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել