Միջին Արևելքում հայկական ներկայությունն ապահովելը կարևորագույն խնդիր է: Գյուլբենկյանից մինչև Արամ Ա բոլոր ազգային առաջնորդները հասկանում են դա: Սակայն մեծ է տարբերությունը համայնքը պահպանելու և համայնքը հանուն պահպանության զոհաբերելու և ոչնչացնելու միջև: Հալեպի հայությունը հայոց նոր ցեղասպանության շեմին է կանգնած: Եվ սա չափազանցություն չէ: Սիրիական բանակն աննախադեպ թուլացած է, ամենայն հավանականությամբ քաղաքական որոշում է ընդունվել բանակային ուժերը կենտրոնացնել մերձմիջերկրածովյան տարածքներում, լիբանանյան սահմանի երկայնքով՝ Քալամունում և Դամասկոսի շրջակայքում: Ամենայն հավանականությամբ Հալեպը դուրս է մնում պաշտպանության գոտուց: Ըստ որոշ տեղեկությունների՝ իսլամիստական հրոսակախմբերը Թուրքիայի և սաուդցիների աջակցությամբ շուրջ քսան հազարանոց բանակ են պատրաստել՝ Հալեպն առաջիկայում գրավելու համար: Անկասկած է, որ նման ռազմական ճնշման արնաքամ եղող սիրիական բանակը չի կարող դիմակայել: Հայերի չեզոքությունը վաղուց պատմության գիրկն է անցել, և դա ոչ հայերի մեղքով: Սա առանց կոմպրոմիսների պատերազմ է, որտեղ չկան չեզոքներ, և որտեղ պարտվողը գլխով է վճարում հակառակորդի հաղթանակի համար: Հայ համայնքն այսօր օրհասական վիճակում է և Հալեպի անկման պարագայում առանց կասկածի սրի է քաշվելու: Հայաստանը պարտավոր է էվակուացիա կազմակերպել, հակառակ պարագայում այդ ջարդի պատասխանատվությունն անպայմանորեն պետք է կրի Երևանը: Ամորֆ և ամուլ քաղաքականությունը գոնե այս պարագայում պետք է իր դիրքերը զիջի ազգային կարևորագույն խնդրին: Ցեղասպանության հարյուրամյակի որևէ նշում, հիշում և հիշատակում որևէ արժեք չունի, եթե խուսափելի է, և նոր ցեղասպանությունն իրականություն դառնա հանցավոր անգործության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել