Կարծում եմ՝ հոդվածի «ներշնչանքն» ավելի քան հասկանալի է: Այսպես. իրական «ազգի դավաճան»-ը թուրքի հետ ամուսնացող հայ աղջիկը չէ, այլ այն պաշտոնյաները, ովքեր ամպագոռգոռ խոստումներով դառնում են ազգի ներկայացուցիչներ, իսկ հետո խաբում ժողովրդին: Իսկական դավաճանները նստած են պետական այրերի աթոռներին ու «լվացք» են անում, 1 միլիարդ դրամից ավել գումար են տրամադրում կակաչների տնկմանը, այնինչ իրականում գումարների դիմաց հենց իրենք են ոչնչացրել կանաչ տարածքները ու կտրել ծառերը՝ «վերևների» էլիտար շենքերը կառուցելու համար, սահմանել են հարկեր՝ դրսում շինարարություն անող արտագնա աշխատողների համար, մինչ այսօր երկրաշարժի պատճառով անտուն մնացածներին չեն տրամադրել տներ (որոնց թվում կան նաև վետերաններ), ծերերի համար սահմանել գոնե մինիմալ ծախսերի համար անհրաժեշտ թոշակ, չեն ստեղծել խելամիտ կրթական համակարգ, պետական հովանավորության տակ չեն առել ղարաբաղյան պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած ազատամարտիկներին, ազատ չեն արձակել «անմեղ մեղավոր» քաղբանտարկյալներին: Էլ չասեմ գազի և էլեկտրաէներգիայի գների չարդարացված թանկացումները, տնտեսական մենաշնորհները, բոլորիս հայտնի կարմիր գծերն ու չափից շատ հանդիպող տեսախցիկները: Կուզենայի նշել նաև, որ վերջին տարիներին ակնհայտ է դարձել «փորձված» պաշտոնյաների անփորձ որդիների պետական բարձր պաշտոնների նշանակելը, ճիշտ կլինի ասել «դնելը»: Մի խոսքով... Ավելի կարևոր սկանդալներ կան, քան մի տոպրակ Քանյե ուեսթյան ջուրն ու սովորական դերասանուհու՝ թուրքի հետ ամուսնանալը: Լայն նայեք հարցին, իրականում ամեն ինչ մակերեսին է:



