Պոչամբարների խնդիրը հատկապես սուր արտահայտված է փոքր, խիտ բնակեցված երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, հատկապես մետաղների կորզումը։ Քանի որ հանքահարստացման գործընթացը կապված է քիմիական վերամշակման հետ, վերամշակումից հետո մնում է մեծ քանակությամբ վտանգավոր, մնացորդային, քիմիական միացություններ։ Հետևաբար առաջանում է այդ մնացորդների առանձնացման և պահպանման հարցը, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել հատուկ ամբարներ, որոնք կապահովեն վտանգավոր մնացուկների անվտանգ պահումը։

ՀՀ-ի փոքր մակերեսով լեռնային երկիր լինելու պատճառով վերը թվարկված խնդիրները ՀՀ-ի համար սուր և ակտուալ են։ Հայաստանում շահագործվում է 400 բաց հանք, 22 հանք պոլիմետաղական են։ Պոչամբարների խնդիրն ամենահրատապն է Սյունիքի մարզի համար, քանի որ Սյունիքն ամենահագեցած մարզն է մետաղական հանքերի բաշխվածության առումով, և 19 պոչամբարներից 9-ը գտնվում են Սյունիքում։

Պոչամբարների խնդրին լուծում տալու համար Կառավարության կողմից հավանության է արժանացել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ Օրենքի ընդունումը կնպաստի ՀՀ-ում թե՛ մեծածավալ ներդրումների իրականացմանը և թե՛ էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը, իսկ օրենքի ընդունման արդյունքում ներդրումների ներհոսքը ՀՀ և ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարանի կառուցումն, որը տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ կվերամշակի ԶՊՄԿ-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը, իր հերթին կնպաստի ՀՀ-ում լրացուցիչ աշխատատեղերի բացմանը և տնտեսության բարելավմանը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, և տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար հանդիսանում է բնապահպանական մեծագույն խնդիր:

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլուվ կիրականացվի 237 մլն դոլարի ներդրում, 2019-2025թթ.-ի համար նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերն օգտագործելու համար: Կմեծացվի նաև գործարանի հզորությունը՝ տարեկան մինչև 25 մլն տոննա:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կարձանագրվի զբաղվածության էական աճ, առաջին փուլում կստեղծվի մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ:

Այսպիսով, կարող ենք նշել, որ ծրագրի իրականացումն ունի ոչ միայն տնտեսական և բնապահպանական նշանակություն, այլև կնպաստի աշխատատեղերի ավելացմանը և երկրում առաջացած սոցիալական լարվածության թուլացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել