[1] Գաղտնիք չէ, որ թուրքերն ու բրիտանացիները հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցում պատմական նարատիվն ու խոսույթը եղծելու մասնագետներ են: Վերջիններիս կողմից տորպեդահարվող «թուրքը, որ փրկեց հային», «համատեղ ցավ», «օսմանյան հայրենիք» հղացքները որևէ նշանակություն չունեցող ենթաթեմաներ են՝ բաղդատմամբ ցեղասպանության հարցում հիմնական նարատիվի, այն է՝ օսմանյան թուրքական պետությունը, գործելով միջազգային հանցագործություն՝ ցեղասպանություն, նպատակ է հետապնդել հայերի օրինական իրավապահանջումները չեզոքացնելու համար վերացնել ամբողջ հայությանը և Հայաստանի տարածքում կերտել թուրքական պետություն:
[2] Պատմական նարատիվը նենգափոխելու մասնագետներ են նաև եվրոպացի պատմագետները: Տասնամյակներ է արդեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հարցում արևմտյան պատմագիտական միտքը ստվերում է հիմնական պատումը, այն է՝ սովետական բազմազգ Կարմիր բանակն, ըստ էության, ազատագրել է Եվրոպայի շուրջ կեսը, այդ թվում և հենց Գերմանիան: Փոխարենը ամբողջ ուժով թմբկահարվում են Մոսկվայից մինչև Բեռլին ընկած ճանապարհին Կարմիր բանակի կողմից գործված այս կամ այն զանցանքները, հիմնականում՝ ազատագրվող երկրների կանանց [զանգվածային] բռնաբարությունները: 
[3] Ես՝ նախկին ԽՍՀՄ նախկին քաղաքացիների զավակս, չեմ կարող իմ քամահրանքը չբարձրաձայնել այս երևույթի նկատմամբ: Ըստ որում, նպատակ իսկ չունենալով արդարացնել Կարմիր բանակի առանձին զինվորների գործած զանցանքները՝ համարում եմ, որ Եվրոպան նացիզմից ազատելու պարագան ուրանալը և բռնաբարությունների թեման «առաջ մղելը», եթե անգամ ժամանակակից եվրոպական հակառուսականությամբ մեկնաբանելի է, ապա մարդկային տեսանկյունից անբարոյականություն է: Անցյալ տարի մի գերմանացու ներկայությամբ առիթ ունեցա լեհ մի տղամարդու ասելու այս մասին, որ «եթե այդքան նախանձախնդիր էիք ձեր կանանց արժանապատվության հարցում, ինքներդ չջախջախվեիք Գերմանիայի կողմից, որ հիմա էլ չմեղադրեիք ազատարարներին»:
[4] Հասկանում եմ, որ ասածս բավականին նուրբ թեմա է, քաղաքականն ու բարոյականը ներհյուսված են, և ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Դրա համար՝ ևս մեկ անգամ հատուկ ցանկանում եմ շեշտել, որ բնավ նպատակ չունեմ արդարացնելու խոսքի առարկա զանցանքները, ինչը նույնպես անբարո քայլ կլինի՝ արդեն իմ կողմից, սակայն և որպես հայ, ում պապերը արյուն են հեղել նույն Վարշավայի ու Բեռլինի ազատագրման համար, չեմ էլ կարող հանդուրժել, որ այդքան ճղճիմ կերպով նսեմացվի Կարմիր բանակի փառքն ու սխրանքը:
Հ.Գ. Կից նկարն արված է Վիեննայի Շվարցենբերգի հրապարակում Կարմիր բանակին նվիրված հոյակապ հուշարձանի մոտ. մատով ցույց եմ տալիս Վիեննայի ազատագրության համար ընկածների ցուցակում ազգությամբ հայ փոխգնդապետ Մուսայելյան Բորիսի անունը: Հուսամ՝ Եվրոպայում մոլեգնող հակառուսականությունը չի բերի նրան, որ մի օր այս հուշարձանն ապամոնտաժվի:
Հ.Գ.Գ. Ինձ «ռուսապաշտության», «Կրեմլի պրոպագանդայի», «պուտինիզմի» և այլ հիմարությունների մեջ մեղադրողները համապատասխան արձագանքից հետո տեղնուտեղը կլիկվիդացվեն դիմամատենային իմ տիրույթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել