Հանրապետական երիտթևականներ Արմեն Աշոտյանին և Կարեն Ավագյանին անասելի զարմացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործիչները կարող են այս կամ այն հարցի վերաբերյալ, այդ թվում նաև՝ նախագահական ընտրությունների, ունենալ և ավելին՝ հայտնել իրենց անձնական տեսակետը։ Աշոտյանի ու Ավագյանի զարմանքը իրապես անկեղծ է ու նաև հասկանալի։ Նրանք՝ որպես ՀՀԿ հնաբնակներ, երևի թե իրենց մաշկի վրա են զգացել, որ իրենց հարազատ կուսակցությունում անձնական կարծիք ունենալը խստորեն արգելվում է։ Առավել ևս տաբու է՝ սեփական կարծիքը հայտնելը։ Կարծիք ունես՝ տանը, խոհանոցում հայտնիր։ Ինչպես ժամանակին պարզ դարձավ, անձնական կարծիք ունենալը ՀՀԿ-ում համարվում է ոհմակային դրսևորում։ Այնտեղ բոլորը պետք է ունենան մեկ միասնական դիրքորոշում ու կարծիք, և բնավ էական չէ, որ այդ կարծիքը կարող է բոլորովին կապ չունենալ նրանցից և որևէ մեկի անձնական, իմա՝ մասնավոր դիրքորոշման հետ։ ՀՀԿ-ում կա կարծիք ունենալու մենաշնորհ, և մնացած բոլորի անձնական կարծիքները ենթակա են մեկ գերակա կարծիքին։

Ի տարբերություն այլ կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանը» բաց և լիբերալ կուսակցություն է և որտեղ, այո՛, յուրաքանչյուր կուսակցական կարող է ցանկացած հարցի վերաբերյալ ունենալ իր անձնական դիրքորոշումը։ Ավելին, մեզանից որևէ մեկը կաշկանդված չէ հայտնելու իր մասնավոր տեսակետը, քանզի դա՛ է նաև ներկուսակցական ժողովրդավարության կարևոր ցուցիչներից մեկը։ Եվ զարմանալի է, որ խիստ ժողովրդավար ԵԺԿ դիտորդ անդամ կուսակցության ներկայացուցիչներին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ներկուսակցական ժողովրդավարություն։ Ինձ մնում է ընդամենը մաղթել, որ այլ կուսակցություններում ևս ներքին ժողովրդավարությունն այնպիսի աստիճանի լինի, որ ցանկացած ոք իրավունք ունենա հայտնելու և պաշտպանելու իր անձնական տեսակետը։

 ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել