SOAD ռոք խմբի Wake up the souls համերգը ԵրևանումԷս համերգի ժամանակ անձրևի տակ տժժացողներին որ տեսա, միանգամից մի ուրիշ համերգ հիշեցի: Ուրեմն մոտ 2 տարի առաջ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի բացումից ուղիղ մեկ տարի շուտ, Ռուբեն Վարդանյանի կազմակերպած ֆանդրայզինգի շրջանակներում Դիլիջանում պետք է տեղի ունենար ռոք համերգ, որը կրկին կազմակերպված էր շատ լուրջ մակարդակով, նվագող խումբը միջազգային էր, և ողջ տեխնիկան բերվել էր արտասահմանից... Ինձ հրավիրել էին այդ միջոցառումը վարելու, քանի որ բացի համերգից պետք է նաև խոսվեր դպրոցից, պետք էր տարբեր մարդկանց բեմ հրավիրել և այլն... Երբ իմացա, որ Դիլիջանում պետք է 3 ժամ ռոք համերգ լինի, և սպասվում է 3.000 հոգի մարդ, միանգամից հարց առաջացավ ինձ մոտ, թե արդյո՞ք Դիլիջանում կա այդքան ռոք լսող, և արդյո՞ք նրանք 3 ժամ կմնան այդտեղ... Չգիտեմ էլ՝ կազմակերպիչներն ինչքանով էին վստահ այս հարցերի դրական պատասխանի մեջ, բայց մարդիկ իրոք եկան... Համերգը սկսվեց, և համերգի հետ սկսվեց նաև ուժեղ անձրև.... Եթե լավ եղանակին կային կասկածներ, որ ժողովուրդը 3 ժամ ռոք չի լսի, ապա անձրևի տակ այդ կասկածներն ավելի ուժեղացան... 15 րոպե հետո ես աչքերիս չէի հավատում, մարդիկ ոչ միայն չէին գնում, այլ մի այլ կարգի տժժում էին... Ու դա Դիլիջանում, Երևանում չէ, որ ասես հատուկ ընտրած 3.000 հոգի ռոքի սիրահար էր եկել... Իհարկե, եթե այս ֆենոմենն օբյեկտիվորեն դիտարկենք, ապա չի կարելի անտեսել այն փաստը, որ թե Դիլիջանում, թե Երևանում և թե առհասարակ ողջ երկրում մարդիկ այնքան կարոտ են նորմալ միջոցառումների, որ ոչ մի անձրև չի կարող իրենց ստիպել հրաժարվել այդ երջանիկ ակնթարթներից... Մյուս կողմից, իհարկե նման միջազգային որակի մասսայական միջոցառումներին ներկա գտնվելիս զգում ես քեզ աշխարհի լիարժեք մի մաս, այդ զգացման հանդեպ նույնպես ունենք կարոտ: Իսկ ամենակարևորն այն է, որ ահա այսպիսի միջոցառումների շնորհիվ կորում է այն չտեսությունն ու քյառթությունը, երբ պիրսինգով ռոքերին կամ լայն շալվարով ռեփերին հաճախ ուրիշ աչքով են նայում, ծաղրում, նեղացնում... Չէ, Քանյեի համերգի ժամանակ բոլորս ռեփերներ էինք, SOAD-ի ժամանակ՝ ռոքերներ, և ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ԵՆՔ... Մենք կանք... Ապրում ենք... Մենք հիշում ու պահանջում ենք!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել