Իմ ելույթը ԵԽԽՎ-ում Իսլամական պետության գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ


Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս հարցը բարձրացնելու և մեր ուշադրությունը սիրիացի փախստականների շուրջ առաջացած իրավիճակի վրա սևեռելու համար:
Այս օրերին՝ հատկապես Լիբիայից դեպի իտալական ափեր ուղևորվող նավերի ողբերգական խորտակումից հետո, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականների և ներգաղթյալների հարցը դարձել է թեժ քննարկումների առարկա: Կոչ է արվում ապաստան տրամադրել բոլոր ներգաղթյալներին և փախստականներին, բայց նաև հնչում են կոչեր կանխարգելիչ միջոցները ուժեղացնելու վերաբերյալ: Թեև երկու մոտեցումներն էլ վիճահարույց են, այնուամենայնիվ, երկրորդը պահանջում է ավելի մեծ ուշադրություն: Մենք արևմուտքում մտածել ենք, որ մարդասիրական ճգնաժամերի ժամանակ գործում ենք ամենամարդասիրական եղանակով՝ անտեսելով հարցի թաքնված կողմը. ոչ բոլոր փախստականներն են վայրագությունների զոհ, և մեր ափերում ապաստան փնտրող փախստականներից ոչ բոլորն են մտադիր ընդունել մեր արժեքները և ինտեգրվել մեր հասարակություններին:
Նախևառաջ մենք չպետք է ենթադրենք, որ պատերազմական գոտուց եկող և Եվրոպայում ապաստան հայցող ցանկացած անձ անմեղ զոհ է:
Ինչպես անցած շաբաթ ընդգծել է «Արտաքին քաղաքականություն» ամսագիրը, իտալական իշխանությունները վարվում են ծայրահեղ անհետևողական՝ թույլատրելով Լիբիայից եկող փախստականներին շարժվել հյուսիս կամ մուտք գործել երկիր առանց ստուգումների, գրանցման կամ անվտանգության ցանկացած այլ ընթացակարգերի: Ինչպես նշում է պարբերականը, ապաստան հայցողներից շատերը կարող են լինել կամ իրականում կրոնական մոլեռանդներ են կամ նույնիսկ հնարավոր կամ ակտիվ ահաբեկիչներ, որոնք մտադիր են տեղափոխվել և հաստատվել Եվրոպայում: Նույն պարբերականի ներկացրած հաշվարկների համաձայն՝ շատ ջիհադիստներ այստեղ՝ Եվրոպայում, հաստատվել են նույն ուղիներով՝ Լիբիա, Թուրքիա և այլն:
Շվեդիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան երկրներ են, որոնք ընդունում են հազարավոր փախստականներ՝ մտածելով, որ գործում են մարդասիրաբար, սակայն չեն էլ կասկածում, որ մտնում են վտանգավոր խաղի մեջ:
Ի հակադրումն, Հայաստանը՝ բարդ տնտեսական իրավիճակում գտնվող փոքր պետությունը, ընդունել է ավելի քան 10 հազար սիրիացի փախստականներ՝ մեծամասամբ քրիստոնյաներ, որոնք կորցրել են ամեն ինչ` Հալեպից մինչև Իդլիբ, Քեսաբից մինչև Դեր Զոր Իսլամական պետության գործողությունների հետևանքով: Հայաստանը նաև բացել է իր դռներն Իրաքում շարունակվող եզդիների ցեղասպանության զոհերի համար: Սակայն ոչ ոք չի խոսում իմ երկրին աջակցություն ցույց տալու մասին, որպեսզի այն կարողանա հաղթահարել այն իրական փախստականների հոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որոնք Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից Միջագետքի բնիկների դեմ իրականացվող ցեղասպան պատերազմի զոհերն են: 
Եթե մենք մտահոգված են սիրիացի փախստականների ճակատագրով, պետք է պահանջեք Թուրքիային նման երկրներին, որոնց միջամտողական և կործանարար քաղաքականությունն է առաջին հերթին առաջացրել այս ներհոսքը, վերցնել պատասխանատվություն և հյուընկալել իրենց եղբայրական սուննի փախստականներին:
Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փախստականների վերաբերյալ ավելի հավասարակշռված քաղաքականություն: Եվրոպան չպետք է ընդունի Միջին Արևելքի բոլոր փախստականներին ամբողջ ծավալով և առանց վերահսկողության, անհրաժեշտ է մասնագիտորեն սահմանել բարձր նշաձող բոլորի համար: Եվրոպայում սիրիացի փախստականների գոյություն ունեցող քանակը և երբեք չվերջացող հոսքն իրական սպառնալիք են, որը մենք ի վիճակի չենք վերահսկել: Փախստականների չտարբերակված համայնքների ծովում հնարավոր կասկածյալների վերահսկողությունն անիրագործելի խնդիր է: Ապագա մշակութային ինտերգրման հարցը ևս պետք է հաշվի առնել: Մարդասիրության Եվրոպական արժեքների հիման վրա բոլոր փախստականների չվերահսկված և հապճեպ հյուրընկալումը սպառնալիք է այդ արժեքների և հենց մարդկության համար ինքնին:
Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել