Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը: Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները՝ իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին: Փաստաթուղթը, հղում անելով 1987թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին՝ ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով:

Հարկ եմ համարում նշել, որ այս բանաձևն արդյունք է Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի համատեղ նախաձեռնության ու միասնական աշխատանքի: Չնայած թուրքական լոբբիի ակտիվ ջանքերին, այս գործում իրենց ջանքերն են ներդրել նաև մեր դիվանագիտական առաքելությունը և Բրյուսելում աշխատող հայկական լոբբիստական կազմակերպությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել