Երրորդ հանրապետության կայացման առաջին տարիներին Հայաստանում ընդունվեցին օրենքներ, որոշումներ, որոնք պետք է ֆորմալիզացնեին 88-ի շարժման արդյունքները: Դրանց մի մասը հակակոմունիստական, հակասովետական բնույթ ունեին: Եղան նույնիսկ փորձեր վերաիմաստավորել Մարտի 8-ը, Մայիսի 9-ը, բայց հասարակական կարծիքը դա չընդունեց: Հեղափոխական էյֆորիան աստիճանաբար տեղի տվեց, ու մարդկանց աստիճանաբար հետաքրքրեց իրենց կյանքի որակը: Հետո կար ղարաբաղյան պատերազմի գործոնը, որն իրականություն բերեց իրական հերոսներին ու արժեքներին, և «իզմերի» ու սիմվոլիկաների խնդիրն երկրորդ պլան մղվեց:
Հիմա նույն գործընթացը կատարվում է Ուկրաինայում: Այնտեղ գաղափարական սրբագրումներն ավելի էական են, որովհետև ուկրաինական բանակը, մեղմ ասած, ձախողվել է Դոնբասում, իսկ Մայդանի չհանդարտված զանգվածն արդյունք է պահանջում: Այդ համատեքստում պետք է դիտարկել Ուկրաինայի խորհրդարանի օրենքը կոմունիստական սիմվոլիկան արգելելու մասին: Բովանդակային առումով օրենքը գուցե ճիշտ է, բայց մարտավարական տեսանկյունից՝ սխալ: Այդ երկրի արևմուտքում սովետականությունն ատելի է, բայց այն շատ հոգեհարազատ է նույն Դոնբասում: Հակառակը՝ Դոնբասում Ստեփան Բանդերան կամ Ռոման Շուխևիչը նույնացվում են նացիստների հետ, մինչդեռ երկրի արևմուտքում նրանք ազգային հերոսներ են: Այսինքն, նման օրենքների ընդունումն ավելի է խորացնում տարանջատումն Ուկրաինայի արևմուտքի ու արևելքի միջև՝ դժվարացնելով Ուկրաինայի պահպանումը՝ որպես մեկ միասնական, ունիտար երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել