Պարզ է, որ բացի Հայաստանից՝ աշխարհի որևէ այլ երկիր պաշտոնապես չի ճանաչելու ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սա է այն օրինաչափությունը, որը գործում է չճանաչված հանրապետությունների պարագայում:
Սակայն այս հանգամանքը պարտավորեցնում է, որպեսզի ընտրությունները ոչ թե «տնավարի» անցկացվեն, այլ հնարավորինս իդեալական:
Նախ, ընտրությունների արդյունքներին առաջինը լեգիտիմություն են տալիս հենց այդ երկրի ժողովուրդը, ընտրողն՝ ընտրությանն ակտիվ մասնակցելով, իշխանություն ձևավորելով: Սա է որևէ ընտրության լեգիտիմության հիմնական նախապայմանը: Եթե ընտրություններն օրինական են լինում, հասարակության կոնսոլիդացիայի մակարդակը բարձր է լինում: Հակառակ պարագայում ընտրությունը դառնում է պետությունից քաղաքացու օտարման ակտ: Հիմա, եթե Հայկ Խանումյանն ասում է, որ ժողովուրդը հիասթափված է, ուրեմն գործընթացի նկատմամբ հավատ չկա, որը վաղը կարող է բերել գլոբալ անվստահության՝ արդեն պետության հեռանկարի հանդեպ: Արցախի պարագայում դա խիստ վտանգավոր է:
Երկրորդ, կարևոր է, որպեսզի Արցախի խորհրդարանն արտացոլի ոչ թե ներիշխանական խճանկարն, ինչպես այսօր է, այլ հասարակության քաղաքական կողմնորոշումները: Ակնհայտ է, որ Արցախում նույնպես կա բողոքական զանգված, ըստ այդմ՝ խորհրդարանում պետք է լինեն ընդդիմադիր խմբակցություններ: Սա նույնպես լեգիտիմացնում է ընտրական գործընթացը:
Եվ վերջապես, լեգիտիմության այն բացը, որ առաջանում է ընտրությունների միջազգային չճանաչման հետևանքով, կարող է լրացվել, եթե ընտրական որակյալ գործընթացը ԼՂՀ նոր որակի իշխանության ձևավորման ազդակ դառնա: Դրա հնարավորությունն Արցախն ունի՝ չնայած սահմանափակ մարդկային ու քաղաքական ռեսուրսի:
Հայաստանի քաղաքական, ընտրական մշակույթն ընդօրինակելի չէ: Արցախի մոդելը պետք է վարակիչ դառնա Հայաստանի համար: Եթե ԼՂՀ-ի ընտրական այս գործընթացում գերիշխի այս գաղափարը, հավատացեք՝ մայիսի 3-ը կդառնա ինքնորոշման նոր ակտ: Հակառակ պարագայում ավտորիտար «մենթալիտետային համերաշխությունը» սահմանափակում է արցախցիների ինքնորոշման միջազգային ճանաչման հեռանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել