Մեր հասարակությունը շարունակում է ինձ ապշեցնել՝ իր կոնտրաստով, հակասականությամբ: Եվրոպական մտածողության կողքին տեսնում ենք այն, ինչը բնորոշ է սովետական մենթալիտետին, ապագայի մեր տեսլականը վար է սահում անցյալի կարծրատիպերի ծանրությունից:
Նոր կարծիք կարդացի, որում Հռոմի պապի երեկվա խոսքում դավադրության ու պրովոկացիայի էլեմենտներ էին տեսել: Ասում են՝ Պապը Հայոց ցեղասպանությունը հիշատակեց նաև ստալինականության հանցագործությունները դատապարտելու համատեքստում: Ասել է թե՝ Հռոմի պապը մեղադրվում է մեզ հակառուսականության հորձանուտ ներքաշելու համար:
Ապշած եմ:
Ի՞նչ է, մենք ակնկալում ենք մեր ցեղասպանության դատապարտում, բայց արդարացնո՞ւմ ենք Ստալինի հրեշությունները, որին զոհ գնացին նաև հազարավոր մեր հայրենակիցներ, անմեղ մարդիկ: Ի դեպ, Հռոմի պապն երեկ նաև հիշատակել է Հոլոքստը, արդյո՞ք դա պրովոկացիա էր հայ-գերմանական հարաբերությունների դեմ: Եթե այո, ինչո՞ւ այդ մասին չենք ահազանգում:
Սակայն գանք ստալինականությանը ու Հայաստանում և Ռուսաստանում երեկվանից հնչող մտահոգություններին:
Ֆորմալ առումով՝ սա իսկական «արջի ծառայություն» է Ռուսատանին, որը, ինչքան գիտեմ, գոնե պաշտոնապես ձերբազատվել է Ստալինի քաղաքական ժառանգությունից: Բայց մենք ռուսներից ավելի կաթոլիկ ենք ու ուզում ենք ասոցացնել, նույնացնել «Ռուսաստան» ու «Ստալին» բառերը:
Եթե նույնիսկ «Ռուսաստան» ու «Ստալին» բառերն ասոցավում են, ինչը, խոստովանեմ, Պուտինի կառավարման տեսանելի հետևանքներից մեկն է, ապա իրեն հարգող որևէ պետություն պետք է կիլոմետրերով հեռու մնա այդպիսի Ռուսաստանից: Եթե ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին նույնիսկ մոռանանք, ապա գոնե ազգային արժանապատվությունը մեջներս խոսի, Ղարաբաղի օտարումը հիշեք:
Եվ ամենակարևորը՝ անկախ պետությունը, առաջին հերթին, սպասարկում է իր շահերը՝ առաջնորդվելով ոչ թե «դարավոր բարեկամության» կեղծ դրույթով, այլ պրագմատիկ պետական քաղաքականությամբ: Ի դեպ, նույն ռուսները վաղուց թքած ունեն իրենց իսկ սիրած «դարավոր բարեկամության» թեզի վրա ու առատորեն զինում են այն երկրին, ով պատերազմ է սանձազերծում «դարավոր բարեկամ» Հայաստանի դեմ: Իսկ մենք, Երևանում նստած, մտածում ենք՝ Հռոմի պապից ոնց պաշտպանենք ռուսական շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել