Hraparak.am-ը գրում է.

Այսօր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում հարսանիք էր։ Սունդուկյանցիներն ամուսնացնում էին իրենց թատրոնի՝ Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի 2-րդ կուրսի սան Արթուր Սուքիասյանին։ Պարզվեց հարսանիքն անակնկալ էր ոչ միայն թատրոնի դերասանների համար, այլ հենց զույգի։ Հարսանիքի նախաձեռնությունը ստուդիայի մանկավարժական կոլեկտիվին էր։ Ստուդիայի փոխտնօրեն Վահե Մովսիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական ավանդության համաձայն փորձել են կազմակերպել հարսանիքը եւ դա անակնկալ պահել բոլորի համար․ «Մենք իմացել էինք, որ Արթուրը ընտրյալ ունի եւ առանց որեւէ բանի պետք է տանի տուն, բայց Արթուրը մինչ օրս բնակարան չունի, ապրում է դոմիկում, հիմա կտեղափոխվեն Էսթերի մեկ սենյականոց բնակարանը, որը շատ անսարք վիճակում է եւ որը իր տունն էլ չէ, այլ իր խնամակալինը։ Արթուրը երկկողմանի ծնողազուրկ է, շատ դառը մանկություն է ունեցել, եղել է «Օրրանի» սաներից, այժմ սովորում է թատրոնում, իսկ դասերից հետո աշխատում է։

Նույն դառը ճակատագիրն է ունեցել նրա հարսնացուն՝ Էսթեր Սիմոնյանը»,-պատմում է Վահե Մովսիսյանը եւ նշում, որ հարսանիքի փոքրիկ միջոցառումը կազմակերպել են ստուդիայի, ուսանողական եւ դասախոսական կազմի ջանքերով, գումար են հավաքել եւ արծաթյա մատանիներ գնել, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրեր, ընդհուպ՝ մահճակալ։ Թատրոնի տնօրենն էլ իր հերթին անակնկալ էր պատրաստել նորապսակների համար՝ մի քանի օրյա հանգիստ։ Ինչպես տեղեկացանք եւ ականատեսը եղանք Ստուդիայի ուսանողական եւ դասախոսական կազմը հարսանիքնն իրականացրել էր ինչպես կարգն է՝ աղջկան կանչել էին թատրոն, հագցրել հարսի շորը, որն իր համար էլ անակնկալ էր եղել, թատրոնի գրիմանոցում հարդարել էին նրան, որից հետո եկել էր Արթուրը՝ հարսի ձեռքը խնդրելու ու բոլորով միասին գնացել էին եկեղեցի։ Իսկ եկեղեցուց գալուց հարսանքավորներին Սունդուկյանի թատրոնը դիմավորեց դհոլ զուռնայով, մեղրով, լավաշով։ Ափսեները կոտրելուց հետո նորապսակները մտան լսարան, որտեղ փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպվել։ Շնորհավորանքներից հետո շնորհակալական խոսք ասաց նաեւ Արթուրը, նշելով որ իր ընտանիքն ու ծնողները թատրոնն են ու իր ընկերները։ Քանի որ նորապսակները ապրում են սոցիալապես ծանր վիճակում, ապա ցանկացած աջակցություն նրանց նորաստեղծ ընտանիքին մեծ օգնություն կլինի։ Նրանք, ովքեր կցանկանան ինչ- որ կերպ օգնել նորաստեղծ ընտանիքին կարող են զանգահարել ստուդիա․ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 499010, 010 563494։ Լուսանկարները եւ տեսանյութը՝ Hraparak.am-ի։      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել