
1920թ. հոկտեմբերի 20-26 - Արյունահեղ կռիվներ են տեղի ունեցել Սուրմալուի ճակատամարտում, որտեղ հայկական զորքը Դրոյի հրամանատարությամբ ջախջախիչ հարված է հասցրել թուրքերին:
ՍՈՒՐՄԱԼՈՒ, Սուրբ Մարի, Սուրմառի. բերդաքաղաք Այրարատ նահանգի Ճակատք գավառում՝ Երասխ և Վարդամարգ գետերի միախառնման մոտ` Խաչասարի ստորոտին:
Թովմա Մեծոփեցին Սուրմալուի ամրությունների շինությունը վերագրում է Բագրատունիներին: Ըստ պատմիչ Արիստակես Լաստիվերցու` Հայոց թագավոր Հովհաննես-Սմբատից (1020-41թթ.), այլ բերդերի թվում, Վեստ Սարգիսը բռնատիրել է նաև Սուրմալուին:
Ալփ Արսլանը Սուրմալուն գրավել և վերածել է թուրքական զորանիստի:
XIIIդ. սկզբին Սուրմալուն ազատագրել են Զաքարյանները:
1387թ. գրավել և ավերել են Լենկթեմուրի հրոսակները:
Հետագայում վերակառուցվել է, որովհետև XVդ. սկզբին իսպանացի ճանապարհորդ Կլավիխոն Սուրմալուն նկարագրել է որպես կանգուն բերդաքաղաք, համանուն վիճակի կենտրոն:
XVI-XVIIIդդ. եղել է պարսկական տիրապետության ներքո, ապա` Երևանի խանության համանուն մահալի կենտրոնը: Օտար տիրապետությունը խիստ բացասական հետևանքներ է ունեցել, հետզհետե անշքացել և հայաթափվել է երբեմնի մարդաշատ բերդաքաղաքը:
1828թ. անցել է Ռուսաստանին և մինչև 1917թ. եղել է Երևանի նահանգի Սուրմալու գավառի կազմում: 1918-20թթ. մտել է ՀՀ կազմի մեջ: 1920թ. Սուրմալուն գավառի հետ, զավթել է Թուրքիան:
Գավառի 35 հազարի հասնող հայությունն ապաստան է գտել Հայաստանում:
Հայ-թուրքական պատերազմ
Հայ-թուրքական պատերազմի ժամանակ Հայաստանի կառավարությունը ելնելով ռազմաճակատում տիրող կացությունից հայկական զորաբանակի հրամանատարության ուժերը կենտրոնացնում է հիմնականում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ: Կարսի ճակատի հրամանատարը Մովսես Սիլիկյանն էր, Սուրմալուինը Դրոն: Սուրմալուի ճակատում թուրքական կանոնավոր և քրդական ավելի քան 10.000-անոց զորագնդերի դեմ կանգնած էին 3.000 մարտունակ և հայրենիքին ու Դրոին նվիրված քաջակորով հայորդիներ: Մի քանի օր ընթացող կռիվներում հայ զինվորները պարտության են մատնում թուրքերին և ծանր կորուստներ պատճառելով հարկադրում նահանջել: Ի տարբերություն Սուրմալուի՝ Կարսի ճակատում դրությունը խայտառակ էր: Կարսի պաշտպանությունը ստանձնած ուժերը գտնվելով հայ բոլշևիկների շաուրնակական քարոզչական ազդեցության տակ՝ իրենց կարմիր եղբայրներին արժանիորեն և եղբայրաբար դիմավոելու համար հզոր բերդաքաղաքը առանց դիմադրության հոկտեմբերի 30-ին հանձնեցին թուրքերին: Չանցած մի քանի օր Կարսի բախտին է արժանանում նաև Ալեքսանդրապոլը: Շիրակի ծանր կացությունը Սուրմալուն Դրոի հաղթական զինուժին հարկադրում է թողնել պաշտպանության բնագծերը և այրելով կամուրջները անցնել Արաքսը:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/10/1920-20-26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



