Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (Հունվարի 12, 1867 — Սեպտեմբերի 27, 1914) — հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։
Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։
Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894—1896-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894—1896-ի Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։
1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1896-ին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս` ապրել է Բաքվում։ 1904-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության,սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։
1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանիազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրան. հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով, որ չի կարող մասնակցել 1914-ին սկսված պատերազմում հայկական կամավորական շարժմանը, 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։
Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում,Խոջեվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։
1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել