ԷրուհԹուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ հերթական վայրագության դեպքին ենք ականատես լինում:

Այս անգամ ևս բարբարոսական դեպքը գրանցվել է ներկայիս Թուրքիայի Էրուհ շրջանում, որտեղ ամիսներ առաջ հայկական գերեզմանատան միջով ավտոճանապարհ էին անցկացրել` մարդկային ոսկորները հողի երեսին թողնելով:

Այս անգամ թիրախում է հայտնվել Էրուհի կենտրոնական Դըհ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ինչպես փոխանցում է AykiriDogrular կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը, Գյուլենական համայնքի (հզոր իսլամական հոսանք Թուրքիայում) ներկայացուցիչներն աչք են դրել Սուրբ Աստվածածնի տարածքի վրա:

Թեև Սուրբ Աստվածածնից միայն պատերն են կանգուն մնացել, սակայն այն մինչ օրս ուխտատեղի է հանդիսանում շատ հայերի համար, ովքեր ամեն տարի ապրիլի 10-ին այցելում են կիսավեր սրբատեղի և մոմ վառում: Սակայն այդ ամենը չի խանգարում գյուլենականներին հավակնություններ ներկայացնել այդ տարածքի նկատմամբ: Վերջինները ցանկանում են հայկական եկեղեցու տեղում իրենց համայնքի համար դպրոց կառուցել:

Գյուլենականներն արդեն տարածքը գնելու հայտ են ներկայացրել Դըհի թաղապետարան: Նրանց այս հարցում աջակցում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն իր հերթին փորձում է կանխել գյուլենականների և Թայիփ Էրդողանի կուսակիցների այս մտադրությունը:

Քաղաքապետարանի թղթերում Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը նշված է որպես «կանաչ տարածք», ինչը հեշտացնում է թուրքերի` տարածքին տիրանալու խնդիրը:

Հայկական եկեղեցին վերջնականապես ոչնչացնելու փորձերը շարունակվում են, իսկ փրկության միակ ելքը Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից Սբ Աստվածածնին պատմամշակութային կոթողի կարգավիճակ շնորհելն է, ինչը թուրք պաշտոնյաները չեն շտապում անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել