Հետուիք Պիուլ՝ շատերիս ոչինչ չասող անուն, ծագումով էստոնացի օրիորդ, հարուստ ընտանիքի զավակ: Նա անգնահատելի դեր է ունեցել հայապահպանման հարցում 1911 թվականից մինչև իր մահը: 1911 թվականին տեղափոխվելով Կիլիկիա՝ Մարաշ, ծառայության է անցնում «Բեթէլ» որբանոցում, որտեղ մեծամասամբ հայ որբեր են լինում: Եղեռնի ծանր տարիներին նա մնացածի նման չի լքում որբանոցը և մինչև վերջ մնում է հայ որբերի կողքին: Նա Թուրքիայի քաղաքականությունը մերկացնող նամակներ է գրում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներին: Հետագայում զգալով վտանգի մեծացումը՝ սաներին տեղափոխում է Սիրիա՝ Հալեպ: 1922 թվականին ինքը նույնպես տեղափոխվում է Հալեպ, այնտեղ հիմնում հիվանդանոց, հայկական կրթօջախներ, հիմնում տեքստիլ գործարան, ստեղծում մոտ 500 աշխատատեղ և հայկական գորգերը արտահանում Եվրոպա, իսկ շահույթը նվիրաբերում հայ համայնքին, 250 հայ ուսանողների նշանակում կրթաթոշակ:
1951 թվականին ցանկություն է հայտնում բնակվել Հայաստանում, բայց նրան մուտքի վիզա չեն տրամադրում: Կյանքի վերջին տարիներն անցկացնում է Գերմանիայի միսիոներական ծերանոցներից մեկում: Մի հետաքրքիր փաստ էլ կա, կյանքի վերջին օրերին կարողացել է խոսել միայն հայերեն լեզվով: Երկրային կյանքն ավարտվում է 1981 թվականին՝ այդպես էլ չտեսնելով Հայաստանը: Նա հայերեն լեզվով բազմաթիվ թարգմանչական աշխատանքների ու հոդվածների հեղինակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել