Ոչ ոք չի կարող կասկածել, որ այս գրառումն արել եմ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կամ հորդորով: Հա, ինձ ու Նիկոլին կապում է 15-20 տարվա մտերմություն, ընկերություն, բայց հիմա մենք իրար հետ գրեթե չենք շփվում: 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես որևէ քաղաքական թիմում ներկայացված չէի, այդ ընտրություններում չունեի որևէ քաղաքական հետաքրքրություն, շահ ու որոշել էի քաղտեխնոլոգի կարգավիճակով մասնակցել ընտրական գործընթացին: Այնպես ստացվեց, որ հայտնվել էի Նիկոլի մրցակիցի շտաբում, ու բնականաբար, այդ հանգամանքը չէր կարող որոշակիորեն չստվերել իմ ու նրա հարաբերությունները: Ճիշտ եմ եղել, թե սխալ՝ չգիտեմ. համենայն դեպս, իմ կենսագրության այդ էջն ամենափառավորը չեմ համարում:
Ինչևէ, անկախ իմ ու Նիկոլի հարաբերություններից՝ հիմա լռել չէի կարող, որովհետև երեկ ականատեսը դարձանք մի զազրելի իրականության, քաղաքական ցինիզմի գագաթնակետի, երբ Ծառուկյանի ամսեկան «չայևոյից» զրկված ՀԱԿ-ը՝ սպառելով քաղաքական ասելիքի զինանոցը, որոշեց Մարտի 1-ի զոհերի հարազտաներին օգտագործել Նիկոլի դեմ: Ու դա անում է մի քաղաքական ուժ, որը ամիսներ շարունակ ձեռք-ձեռքի էր տվել մարդկանց հետ, որոնց ժամանակին մեղադրում էր ոճրագործության կազմակերպման հարցում ունեցած դերակատարության մեջ:
2008-ի մարտի 1-ին ես արդեն անազատության մեջ էի, բայց հետո տեսագրությունն եմ տեսել, մարդկանց եմ լսել ու վստահաբար պնդում եմ, ասում եմ, որ եթե էդ օրը Նիկոլը ու էլի մի քանի գործիչներ մինչև վերջ չլիեին ժողովրդի կողքին, ապա այսօր մենք կսգայինք ոչ թե տաս, այլ գուցե մի քանի տասնյակ հայորդու մահը: Նիկոլը Չարենցից մեջբերումներ չէր արել, միակ զոհը դառնալու հրապարակային հավաստիացում չէր տվել, բայց մինչև վերջին րոպեն մնաց մարդկանց կողքին: Երևի զոհերի հիշատակը հարգում է այն առաջնորդը, ով գերադասեց փակված մնալ իր ամրոցում՝ սեփական անվտանգությունը վեր դասելով Հայաստանի քաղաքացու կյանքից: Ողբերգություն է, որ առաջին նախագահը չհասկացավ պարզ մի ճշմարտություն ու չհասկացավ մի քանի անգամ՝ ոչ միայն 2008-ի մարտի 1-ին. նա չհասկացավ, որ իր գլխավոր պաշտպանությունն ու ուժը ժողովուրդն է: 2008-ին ընկրկեց, 2011-ին առաջին նախագահի իր բարձրությունից իջավ օլիգարխի քսակի մակարդակին: Երկու դեպքում էլ ժողովուրդը մնաց մենակ ու անպաշտպան:
Թե՞ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հետևողականորեն հարգում է այն մարդը, ով կատարելապես տապալեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը՝ ճանապարհ բացելով Մարտի 1-ի համար:
Թարգեք նաև էն ավանտյուրան, թե Նիկոլը ՀԱԿ-ի ուսերին եկել է խոհրդարան: Մի կեղծեք. Նիկոլը պարտական չէ ձեզ մանդատի համար, այդ դուք նրան պետք է երախտապարտ լինեք՝ ձեր ցուցակի օգտին բերված հազարավոր ձայների համար: Ձեզանից քանի՞սը գնաց, պայքարեց մեծամասնական տարածքում, քանի՞սը վտանգեց իր փափկասուն կյանքը: Քչերդ: Ու դեռ հայտնի չէ, որ եթե, օրինակ, Արամ Սարգսյանը հրաժարված չլիներ մանդատից ու Գագիկ Ջհանգիրյանը պատգամավոր դարձած չլիներ, կմնա՞ր նա ՀԱԿ-ում, թե՞ կվերադառնար այն ակունքի մոտ, որտեղ ոմանց հետ Հոկտեմբերի 27-ի ոճիրն է կոծկել:
Հիմա էլ հույս չունեմ, որ ՀԱԿ-ում վերադարձել են իրականության դաշտ՝ անկախ այն հանգամաքից, որ հայտնվել են մեծահարուստ կլիենտից քցված ու թեյավճարը չստացած աֆիցանտի դերում: Նույնիսկ Նեմցովի մահվան հանգամանքը նրանց կողմից օգտագործվեց՝ Ռուսաստանի իշխանությանը ռևերանսներ անելու համար: Իզուր, ձեր բարձրացրած աղմուկն ընդամենը ստիպում է, որ Սերժը մի քիչ ավելի վճարի Կրեմլին: Հայաստանի ինքնիշխանության հաշվին: Այն ինքնիշխանության, որը հանեցիք սակարկության՝ ձեր սիրելի «ավազակապետության» հետ տեղավորվելով եվրասիական նավում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել