Հայաստանում կամ Հայաստանից փախած ու այլ երկրներում ապրող «հայերը» հայրենասիրությունը չափում են ամենապարզունակ ձևերով: 

Փորձս ցույց է տալիս, որ որոշ «հայերի» մոտ հայրենասիրության լավագույն, և թերևս, միակ միջոցը թուրքերին «քֆրտելն» է: Ոչ թե հայհոյել կամ վիրավորելը, այլ հենց «քֆրտելը»: Քֆրտեցիր, վերջ, դու մեծ հայրենասեր ես: Իհարկե, սա տարածվում է հասարակության այն շերտի վրա, որը կրթական լուրջ խնդիրներ ունի, մտածողության լուրջ թերություններ, թյուր աշխարհայացք: Սա իմիջիայլոց… անցնեմ բուն թեմային:

Հերթական կիբեր «հայրենասերներն» այս անգամ այլ թիրախ էին ընտրել «Զվարթնոց» մեկնած մի խումբ իտալական ֆուտբոլի ֆաների: Փաստը մնում է փաստ (ինչը փորձում են ջանասիրաբար անտեսել կամ խեղաթյուրել), որ իտալական ֆուտբոլային ԱԿՈՒՄԲՆԵՐԻ երկրպագուները եկել էին դիմավորելու իրենց ֆուտբոլիստներին, այլ ոչ Իտալիայի ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ: Սա բարդ էր ընկալվում շատերի կարծրացած և սահմանափակ գլխուղեղային հատվածում: Շատերը շտապեցին հայտարարել, որ հայերը գնացել են դիմավորելու Իտալիայի հավաքականին:  Կրկնում ենք արդեն որերորդ անգամ. հայաստանցի ֆուտբոլասերների զգալի հատվածը (բացառություններ կային, չհերքենք իրականությունը) գնացել էր տեսնելու իր սիրելի ակումբների ֆուտբոլիստներին, այլ ոչ ընդունելու Իտալիայի ամբողջական հավաքականին: Մի՞թե ամեն օր են նման ֆուտբոլիստներ գալիս Հայաստան, մի՞թե Իսպանիայի կամ Պորտուգալիայի ժամանման ժամանակ շատ ավելի շատ երկրպագուներ չեն եղել օդանավակայանում, իսկ մարզադաշտում ծափահարել մեզ գոլ խփող Ռաուլին: Ինչպես նշեց իմ ընկերներից մեկը, ինչ լավ էր, որ Իսպանիայի ժամանման ժամանակ Ֆեյսբուքն այսքան ակտիվ չէր:
Իսկ հայ յուվենտինոները, ինչպես նաև մի շարք այլ երկրպագուներ, այդ թվում «Ռոմայի» ֆան ակումբը, հոկտեմբերի 12-ին պատրաստվում են պատռել իրենց կոկորդը, մինչև վերջ նվիրել իրենց ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ: Այս մասին մենք բազմից հայտարարել ենք` լավ իմանալով այն «հայրենասերների» գոյության մասին: Մենք հայտարարել ենք իրականությունը, մենք Հայաստանի հավաքականի երկրպագուներ ենք: Մենք 35 յուվենտինոներով տեղ ենք զբաղեցնելու Հայաստանի հավաքականի ֆանատական սեկտորում: Գնալու ենք մեր ԵՌԱԳՈՒՅՆՈՎ: Հայաստանի դեմ այդ 90 րոպեն Բուֆոնը լինի, Պիրլոն, թե այլ մեկը, նրանք մեզ ՄՐՑԱԿԻՑ են: Կրկնում եմ` ՄՐՑԱԿԻՑ են ևՀԱԿԱՌԱԿՈՐԴ այս բառերի ամբողջ խստությամբ:

Հ.Գ. Միգուցե սա մեզնից շատերի համար առաջին և վերջին հնարավորությունն էր, որպեսզի տեսներ այն ֆուտբոլիստներին, որոնց համար ցավում ենք ակումբային մակարդակով: Միգուցե սա վերջին հնարավորությունն էր, որպեսզի ոչ  թե հեռուստացույցի, այլ անձամբ նրանց դիմաց գոռալու «Յուվե», «Յուվե» (ոչ թե Իտալիա, Իտալիա): Իսկ մի՞թե հաշվի չեք առնում «Ինտերի» ու «Միլանի» ֆուտբոլիստներին, ովքեր հայաստանցի երկրպագուների կողմից հոգեբանական ազդեցություն ստացան հենց այդ ամենահզոր «Յուվե» բացականչություններով: Միգուցե հաշվի չեք առնում, որ նրանցից շատերին սուլոցներով դիմավորեցինք, միգուցե հաշվի չեք առնում, որ նույն վերաբերմունքը հյուրանոցում տեսան Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի  աշխատակիցները:

Մի դատիր, ոչ չդատվես:

Ֆեյսբուքի դիմաց տողերը գրելն ու քննադատելը քեզ ավելի արժեքավոր, հայրենասեր ու օգտակար մարդ չի դարձնում:

Հ.Գ. 2 Հուսով ենք, որ կիբեր «հերոսներից» շատերը կգան ոչ միայն միայն Իտալիայի դեմ խաղերին, այլ Հայաստանի հավաքականի մյուս խաղերին: Եթե մեկ-մեկ խաղադաշտ գան, ապա մեզ հաստատ տեսած կլինեք ու անհիման մեղադրանքներ չեք հնչեցնի:

Գևորգ Պետրոսյան, «Յուվենտուսի» «Սև-սպիտակ բանակ» ֆան ակումբի նախագահ
ԲՈՆՈՒՍ` ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել