Այս գրառումը մի դիտեք քաղաքական համատեքստում, սա իմ բարոյական պարտքն է, մարդկային արձագանքը: Սիրտս ցավում է, որ վերջին օրերին տեսնում եմ, թե ինչպես են արժեցող-չարժեցողները հարձակվում Արմեն Աշոտյանի վրա՝ նրան վերագրելով եղած-չեղած մեղքեր, արած-չարած սխալներ: Իհարկե, Արմենի փոխարեն այլ ելույթ կունենայի՝ մի փոքր ուրիշ շեշտադրումներով, փիլիսոփայությամբ, բայց արդեն ասեցի՝ այս գրառման մեջ քաղաքական գնահատականները վերջին տեղում են:
Եթե նույնիսկ Արմենը ենթակա է քննադատության, ապա դա պիտի արվի առանց պիտակավորումների, ծաղրանքի, որովհետև նրա մոտ շատ են մարդկային արժանիքները, այն որակը, որը պետք է այս երկրին, ժողովրդին, այն ինտելեկտը, որը, ցավոք, տրված է քչերին:
Ես նրան ճանաչում եմ քսան տարի, ու այդ տարիների ընթացքում չեմ հիշում որևէ դեպք, որ Արմենին դավաճանած լինեն ընկերասիրությունը, հավատարմությունն անցած ուղու հանդեպ:
Եթե նույնիսկ Արմենը մենակ մնա քննադատողների հսկա բանակի առաջ, ես կլինեմ նրա կողքին, որովհետև ընկերներին չեն դավաճանում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, քաղաքական հարցերում համաձայն լինել-չլինելուց: Նույն կերպ վարվեց Արմենը 2008-ի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, երբ ես ազատազրկված էի. նա չնայեց այն հանգամանքին, որ ինձ զորակցելը, կողքիս կանգնելը կարող է հարուցել իշխանության շատ ներկայացուցիչների վրդովմունքը: Այսօրվա պես հիշում եմ, երբ բանտում հեռուստացույցով լսեցի խափանման միջոցս փոխելու իմ ընկերների՝ Արմեն Աշոտյանի, Շարմազանով Էդիկի նախաձեռնությունը, ինչպիսի ոգևորություն էի ապրում: Խնդիրն այն չէր, որ ազատ էի արձակվելու, այլ այն, որ հետմարտիմեկյան խավարում տեսա մի լույս, որ կոչվում է ընկերություն: Մարտի 1-ը նույնիսկ չստվերեց իմ, Արմենի, Էդիկի ընկերությունը: Այդ դժվար պահին նրանք իմ կողքին էին, ու դա քաղաքականություն չէր:
Հիմա ես Արմենի կողքին եմ, ու դա քաղաքականություն չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել