«Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով
ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար: 2012 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի րնդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ արձակել դատարանից:

Չնայած, Նահապետ Գևորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Ինչպես գրում էին լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012 թվականի ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը: Իսկ, ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել