Քիչ մը հիվանդ պառկած էի, ու կրկին տարեց մայրս օրվա լուրերն էր նայում: Արմենիա TV-ի Ժամն էր: Իմ կամքին հակառակ լսում էի: Խրոխտ ձայնով քանիցս ազդարարվեց, որ հայ դիվանագետները Մյունխենի անվտանգության կոնֆերանսում քացու տակ են առել Իլհամ Ալիևին ու վերջինիս բամբակով ջուր են տալիս: Ռեպորտաժում ինչքան էլ չուզեցան, բայց ասացին՝ Ալիևը մինչև վերջ լեզվին է տվել: Մտածեցի, որ էդքան քոթակից հետո նա սաղ Բաքու հասած չի լինի (դե լրատվամիջոցի նկարագրությունը համարյա մահամերձ վիճակ էր նշանակում), և այժմ այնտեղ դրոշներն իջեցրած կլինեն ու սուգ կլինի: Այցելեցի ադրբեջանական կայքեր. հասկացա, որ Ալիևը սաղ-սալամաթ է: Ավելին, ադրբեջանական արմենիաներն ու հայլուրերը ոգևորված ներկայացնում են, թե ինչպես է վոժդը ջախջախել Աղդամի կողքերը «պապլանստունսկի ման եկող» հայերին: Բայց սա հեչ:

Հաջորդ ռեպորտաժը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին էր: Մի մեծագույն ավետիս, մի մեծ պաթոս՝ թե բա գիտեք, ավտոսիրողներ ջան, կարաք Ղազախստանում, Բելառուսում ու Ռուսաստանում հաշվառված ձեր ավտոմեքենաները Հայաստանում երկու տարի անշառ քշեք ու հակառակը: Հա, մի հինգ տարի ժամանակով էլ բան չի փոխվելու եվրոպական ավտոների ներմուծման առումով, դրանից հետո նոր վիճակը կվատանա...... Չմոռացան ասեն, որ Հայաստանը հավաստիացրել է ներմուծման բնագավառում իր կանոնակարգերը զարգացնելու մեծ ընդունակության մասին: Դե հա, բա եթե բան չենք արտադրում, գոնե գերազանցիկ ներմուծենք... Բայց սա էլ հեչ...

Հաջորդ լուրը, մի ավետիս, մի ճոռոմ խոսքեր, հայ-հարայ, Հայաստանում այսուհետ ատամնաբուժական տուրիզմը առաջնայնություն կլինի... Ատամնաբույժները գյոլ են տվել, ավելի շատ են, քան Հայաստանի բնակչությանը պետք է: Գները ցածր են ու գայթակղիչ արտասահմանցիների համար, չնայած որ (այ, էստեղ սրտի կսկիծով ասացին) դեղորայքն ու նյութերն ատամնաբույժները Եվրոպայից են առնում, ու ԵՏՄ-ին մեր անդամակցելու պատճառով կթանկանան մոտ ապագայում: Դա էլ նշանակում է, որ մեր մոտի գներն էլ կմոտենան եվրոպական գներին: Հա, ավել բան չասացին՝ գները, ոչ թե մեր կենսամակարդակը:

Իհարկե, պաթոսով վարակված հաղորդավարները մոռացան, որ դրանից հետո չի կարելի ծեծի թեմայով շատ ծավալվել ու եթեր մատուցել խնամիական մենամարտը Ծառուկյանի ու Աբրահամյանի միջև, որովհետև դա կարող է խրտնացնել ատամնացավով տուրիստներին: Բայց սա էլ հեչ:

Հայաստանի տիեզերական առաջընթացը նկարագրելն ավարտվեց եղանակի տեսությունով, երբ մի քանի անգամ խրոխտ ազդարարվեց, որ նույնիսկ մեր եղանակն է առաջ անցել՝ որքան էլ այժմ փետրվար է, բայց իրականում ապրիլ է, որովհետև դուք դա չգիտեք: Սա կատարյալ ապրիլյան եղանակ է:

Ու էսպես. բերանս բաց մնաց... Բոլոր ցավերս մոռացա, որ այսքան դինամիկ զարգացող երկրում եմ ապրում:

Միայն թե չհասկացա, թե էն գեղեցիկ Լիլի Հովերին ինչի էին դիսկոտեկայի կոժի շորեր հագցրել ու եթերում նստացրել...

Մառազմը խորանում է երկրում ու օրեցօր..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել