Հայեր ջան, եթե չենք հասկանում, ապա մի հատ էլ ասեմ, ուղղորդված աշխատանք է գնում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ու դրանից բխող ծանր հետևանքները Թուրքիայի համար մաքսիմալ մեղմացնելու ու զրոյացնելու ուղղությամբ:

Ընդ որում, եթե ասեմ, որ թուրքերը լավ են աշխատում, սուտ կլինի, թուրքերը ֆանտաստիկ են աշխատում:

Կիրառվում են բոլոր հնարավոր մեթոդները Հայաստանում վիճակն ապակայունացնելու համար, գործի են դրվել բոլոր լծակները, որոնք տարիներ շարունակ աճեցվել են և խնամվել են Հայաստանում և Սփյուռքի որոշ կառույցներում, իշխանությունում և ընդդիմությունում անխտիր:

Օգտագործվում են իրավիճակն ապակայունացնելու բոլոր հարմար առիթները. հիմնանպատակներից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունն անկայուն երկիր ներկայացնել:

Գալիպոլիի տոնակատարությունը, որ այս տարի տեղափոխել են հենց ապրիլի 24-ին, բազմաքայլ կոմբինացիայի հաջողված, բայց ոչ միակ քայլն է:

Խնդիր է դրված ներկայացնել Հայաստանն առավելագույն վատ կողմից, որպեսզի մաքսիմալ քանակով քիչ երկրի ղեկավարներ ներկա լինեն այդ օրը Հայաստանում:

Օգտագործվում են ազգին պառակտելու, լարված իրավիճակներ անընդհատ պահելու, հնարավոր բոլոր աջակիցներից հայերից կտրելու, շանտաժի, սպառնալիքի, ծաղրանքի տեխնոլոգիաները:

Հայաստանը ներկա պահին ուղղակի ողողված է տարբեր տիպի ազդեցության գործակալներով, ովքեր իրենց հայաստանյան ցանցի հետ միասին շատ արդյունավետ աշխատանք են կատարում:

Տեղեկատվական հարվածները լավ հաշվարկված և մտածված հասցվում են բոլոր հնարավոր ուղղություններով՝ միմիայն մեկ նպատակով, որպեսզի հայերը մոռանան, թե ինչ են ուզում, ինչի պահանջատերն են ու ինչի շուրջ են միավորված:

Օգտագործում են բոլոր հարմար առիթները՝ զզվանք իշխանություններից, ներկուսակցական լարված հարաբերություններ, օլիգարխների ամբիցիաներ և այլն և այլն: Մարդկանց արդարացի պայքարը, ժողովրդական ցասումը և ամեն-ամեն ինչ:

Արցախ, Հայոց Ցեղասպանություն, եկեղեցի, բանակ, Սփյուռք, ամեն ինչ պետք է պառակտվի, ծաղրուծանակի ենթարկվի ու ջրվի:

Արագի մեջ, մինչև ապրիլի 24-ը: Հարյուր միլիոնավոր գումարներ են ուղղված ամբողջ աշխարհով 100-ամյա տարելիցի միջոցառումները պռավալ տալու համար:

Աշխարհն ապրիլի 24-ին պետք է Հայաստանին նայի միմիայն սարսափի, նողկանքի ու հեգնանքի աչքերով:

Դա է նպատակը, որն արդարացնելու է բոլոր միջոցները:

Հ.Գ. Որպես մի հատ փոքրիկ օրինակ մեջբերեմ հային ու թուրքին մեկ ենթագիտակցական մակարդակի վրա տեղավորելը, ինչը պարզ երևում է «հո դուք թուրք չե՞ք», «սրանք թուրքից բեթար են» արտահայտություններով, և ամեն ինչ պատահողը Ցեղասպանության հետ համեմատելով:

Հիմնական մեսիջը, որ պետք է մտցվի մեր ուղեղը. եթե հայը թուրքից չի տարբերվում, ապա ի՞նչ եք դուք՝ հայերդ, ուզում ու պահանջում թուրքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել