Աշխարհի բոլոր հայերիս համար միանշանակ է, որ Արցախն ապագայում միանշանակ մաս է կազմելու Մայր Հայաստանին, բայց այսօր Արցախն անկախ և ինքնիշխան պետություն է, այսօր Արցախը նաև ժողովրդավարական և այդ ուղով զարգացող պետություն է, որն ունի պետական բանակ, ժողովրդավարական ճանապարհով ընտրված և բարձր վարկանիշ ունեցող նախագահ: Ի տարբերություն սուլթանական Ադրբեջանի՝ Արցախն ունի քաղաքացիական հասարակություն, ով ամեն Աստծո օր արթնանում է առաջին գծում, և յուրաքանչյուրն իր զենքով կռիվ է տալիս այս արևի տակ՝ իրենց պատմական հողի վրա, ապրելու համար:
Արցախի բնակիչները, ինչպես հետխորհրդային մյուս պետությունների քաղաքացիները, հանրաքվեի ճանապարհով հռչակել են իրենց անկախությունը, և վաղ թե ուշ միջազգային հանրությունը հաշվի է նստելու այդ փաստի հետ: Ինչո՞ւ տարիներ առաջ Արցախը հռչակեց իր անկախ պետականությունը, այլ չմիավորվեց Հայաստանի հետ. ոչ այն պատառով, որ արցախցին չի ցանկանում ապրել Մայր Հայաստանի հովանու տակ, այլ այն պատճառով, որ այդ ժամանակվա հայկական քաղաքական և ռազմական էլիտան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և այլոց գլխավորությամբ, խնդիր դրեցին թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ներգրավվի ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը՝ որպես բոլորի հայերի մայր հայրենիք, դարձավ Արցախի պետականության և անվտանգության երաշխավորն ու նրա կայունության պատասխանատուն:
Այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է այդ կոնֆլիկտի մեջ ներգրավել նաև Հայաստանին, ինչից խուսափելու համար Արցախը դեռևս չի միավորվում Հայաստանի հետ:

Քանի դեռ Արցախն անկախ է, մենք պարտավոր ենք հարգել նրա սահմանադրությունն ու ինքնիշխանությունը, բայց, վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Արցախի եռագույն դրոշից կջնջվի Արցախը Հայաստանից տարանջատող սպիտակ գիծը, և մենք կունենանք մեկ եռագույն: Այդ օրվան հասնելու համար պետք է ունենալ համբերություն, հավասարակշռվածություն, խելամտություն և միասնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել