Անկեղծ ասեմ, որ այդ ավտոերթի ջատագովներից չեմ եղել ու չեմ, դա ոչինչ չտվող ակցիա էր՝ ըստ իս։ Բայց այն, ինչ եղավ Բերձորում, ինչ-որ բան սասանեց հաստատ։ Չփլուզեց, բայց ցնցեց...
Մի կողմ եմ դնում, թե ով էր ավելի մեղավոր այս ամենում, միջոցառման նախաձեռնողնե՞րը, որոնք վստահաբար գիտեին, որ աղուհացով դիմավորում չի լինելու, թե՞ մահակավոր ու թշնամական հայացքով դիմավորող կատարածուները։
Սա մի պրովոկացիոն խայծ էր, որ բոլորս կուլ տվեցինք։ Ազգովի։ Թող ոչ ոք իրեն չառանձնացնի ընդհանուրից։ Անկեղծ ասեմ, որ անգամ իմ մտածողության մարդն այս ամենում իր դեմ ուղղված քայլ տեսավ, ինչ-որ պարտադրվող խորթացում...
Այլևս երբեք նման կերպ ոչ մի հայի առջև չփակե՛ք դեպի Արցախ տանող ճանապարհը։
Բնականաբար, այնքան պարզունակ չեմ, որ Արցախի ու արցախաբնակ հայրենակիցներիս նկատմամբ վերաբերմունքն ինչ-որ միջադեպով պայմանավորեմ։ Բայց, հանուն Արցախի, հանուն ազգային միասնության՝ կցանկանայի, որ վաղը Հայաստանի երկու՝ դեռևս չմիավորված պետականությունների՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի պետական, քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հստակ տեսանելի քայլեր լինեն, որով կսրբվեր այն բիծը, կսպիանար այն խարանը, որը կամա թե ակամա այսօր առաջացավ։ 
Փառք ու պատիվ նրանց, ովքեր պատվով ու թասիբով կշրջեն այս ամոթալի էջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել