Ողջ պատմության շրջանում Արևելյան Հայաստանի ոստան Էրիվան-Երևանի տարածքում հաստատված մահմեդական բնակչությունը որքան պաշտամունքային օջախներ է ունեցել՝ դժվար է պարզել: Սակայն 19-րդ դարի սկզբին, հայտնի է, որ Երևանում կար ութ մզկիթ (ջամի): Ըստ Թադևոս Հակոբյանի՝ Երևանում գտնվող մզկիթները ճարտարապետական ընկալմամբ համարվել են պարսկա-արաբական (նաև թաթարական) ճարտարապետական բնույթի կոթողներ:
Վերոհիշյալ ութ մզկիթներից երկուսը գտնվում էին Զանգու (Հրազդան) գետի վերևում՝ տարածվող անառիկ Երևանի բերդի տարածքում, իսկ վեցը՝ բուն քաղաքի ներսում (Շահար): Քաղաքի ներսում՝ Շահարում գտնվող մահմեդականների մզկիթների մասին որոշակի տեղեկություններ են հաղորդել մի քանի արևմտա-եվրոպական քրիստոնյա ճանապարհորդներ, ինչպիսինք էին օրինակ Հաքստհաուզենը, Լինչը, Ե.Լաչինովը, Ուվարովան, Ժ.Ժարդենը և այլք:
Ժ.Ժարդենը Էրիվանը նկարագրելիս քաղաքում հիշատակում է միայն մի կիսաքանդ մզկիթ, որը կոչվում էր Դեֆ-Սուլթան: Ստորև ներկայացնում ենք նրա հիշատակությունը.
«Եպիսկոպոսի աթոռանիստի առաջ գտնվում է մեծ շուկա, իսկ կողքին՝ մի մզկիթ, որը կառուցված է աղյուսով և ներկայումս կիսաքանդված է: Այդ մզկիթը հիմնադրողի անունով կոչում են Դեֆ-Սուլթան»: Հետագա շրջանում պետք է նշել, որ այդ անունը կրող մզկիթ չի հիշատակված պատմական աղբյուրներում: Հավանաբար Դեֆ-Սուլթան անունը կրող մզկիթը եղել է ապագա Գյոյ Ջամիի (Կապույտ մզկիթ) տեղում, որը, ըստ երևույթին, ավիրվել է 1679 թվականի զարհուրելի, ավերիչ երկրաշարժի ժամանակ: Հիմնահատակ ավերված մզկիթը, ըստ երևույթին, եղել է Երևանի Պարսկական խանության ներքո Ձորագյուղում գտնվող հայոց առաջնորդարանի հարևանությամբ: Էրիվան-Երևանի ամենահայտնի ու շքեղ մզկիթներից է թերևս եղել Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի)՝ կառուցված 1766 թ. (հիջրայի 1179 կամ 1186թ) Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանի կողմից (1762-1783թթ.): Այս մեծ, գեղեցիկ մզկիթի մասին մենք կանրադառնանք առանձին հոդվածով:
Երևանի մյուս մզկիթներից նաև հայտնի էին Շահար կենտրոնական թաղամասում գտնվող Հաջի Նովրուզ Ալի բեկի և Զալ խանի մզկիթները, իսկ քաղաքի հետնամասներում գտնվում էին Դամիրբուլաղի ավելի համեմատաբար փոքր ու անշուք մզկիթները: Հաջի Նովրուզ Ալի բեկի և Զալ խանի մզկիթներն, ուշագրավ է, որ իրենց հատակագծերով նման են եղել: Զալ խանի մզկիթի դռների վրա վրա եղել է ընդհանուր արձանագրություն վերջինիս կառուցման վերաբերյալ: Ըստ Լինչի՝ այն կառուցվել է 1687թ.( հիջրայի 1098թ.): Նաև այստեղ Լինչը նշում է, որ Զալ խանի մզկիթը եղել է համեմատաբար փոքր Գյոյ-ջամիից, բայց նրան որոշ չափով նման էր և ուներ հանգստի համար հարմար պարսպապատ, շատրվաններ ունեցող ծաղկազարդու հովասուն բակ:
Նաև ինչպես նշեցինք, սկզբում երկու մզկիթ էլ եղել է Երևանի բերդի ներսում: Ուշագրավ է ու հետաքրքիր, որ բերդի ներսում կառուցված այդ մզկիթներից մեկը կառուցվել է թուրք-հրոսակների կողմից պաշարված Երևանում՝ Ռեջեփ կամ Ռաջափ փաշայի կողմից, 1725-1727թթ.: Երևանում կառուցված թուրքական այդ մզկիթը եղել է չորս սյունների վրա հենված կամարակապ մի մեծ շինություն՝ բավական շքեղ արտաքինով: Հաշվի առնելով, որ Երևանի թուրքական մզկիթը եղել է սուննի դավանության մզկիթ, երբ պարսիկները հետագայում վերագրավել են քաղաքը թուրքերից, որպես շիա դավանության մահմեդականներ՝ Երևանի սուննի թուրքական մզկիթը դարձրել և ծառայացրել են իրենց համար որպես զինանոց: Երբ 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսները գրավեցին Երևանն իր ազդեցիկ բերդով, բերդի Ռեջեփ փաշայի կառուցած թուրքական մզկիթը, ի պատիվ իրենց հաղթանակի, դարձրին Երևանի ռուսական ուղղափառ եկեղեցին և այն կոչեցին Սուրբ Տիրամոր անունով:
Երևանի մյուս կարևոր և ազդեցիկ մզկիթներից է եղել 19-րդ դարի սկզբներին Ֆաթ Ալի շահի օրոք (1771-1834թթ.) Երևանի վերջին սարդար Հուսեյն խանի (1807-1827թթ.) կողմից կառուցված շիա դավանանքին պատկանող Աբաս-Միրզա ջամին, որն իր անունը ստացել է Ատրպատականի պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի (1789-1833թթ.) պատվին: Այս մզկիթի ճակատի ու գմբեթի արտաքին կողմն ամբողջապես պատված է եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով, որոնց գործածությունն այնքան բնորոշ էր ու հատուկ արաբական ու պարսկական ճարտարապետության մեջ: 1827 թ.հոկտեմբերի 1-ից Երևանը երբ անցնում է ռուսաց տիրապետության ներքո, ռուսական կայազորը հաստատվում է նաև Աբաս Միրզայի անունը կրող մզկիթում, և շիա աղոթատունը վեր են ածվում ռուսական զինանոցի:
Հետաքրքիր ենք համարում նշել, Երևանի ռեջեփյան թուրքական մզկիթը և պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի անունը կրող մզկիթները Գյոյ ջամի մզկիթի հետ միասին պահպանվել էին մինչև մեր ժամանակները: Սակայն 20-րդ դարի 30-ական թթ Հայկական ԽՍՀ բոլշևիկ իշխանություններն, ինչպես գիտենք, ենթարկվելով Մոսկվայի աստվածամերժ Խորհրդային կենտրոնական իշխանությունների կամայական հորդորներին՝ քաղաքամայր Երևանում և ողջ Հայաստանում ավիրում են հայոց հինավուրց եկեղեցիների ու դարավոր հուշարձանների մեծ մասը: Արդյունքում ավիրվում և ոչնչացվում են նաև Երևանի բոլոր մզկիթները՝ բացառությամբ Գյոյ ջամիի (Կապույտ մզկիթ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել