Այսօր ուզում եմ խոսել «Անահիտ» մուլտֆիլմի մասին: Մուլտֆիլմի ստեղծումը շատ հակասական կարծիքների ու քննարկումների պատճառ դարձավ, և մի հետաքրքիր բան նկատեցի, որ այս մուլտֆիլմն առաջինը քննադատել սկսեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, հետո հիմնականում հանրության մեջ «գրանտակեր» համարվող քաղաքացիական ակտիվիստների մի որոշ զանգված: Բերեք չկարևորենք այն պահը, իբր հերոսների պատկերները նմանեցրել են հոլիվուդյան մուլտերի կերպարներին, սա երկրորդային հարց է: Ամենակարևորն այս ստեղծագործության ասելիքն էր: Ֆիլմի վրա կատարվել էր շատ մանրակրկիտ ու տիտանական աշխատանք: Ֆիլմն ամբողջությամբ չափածո էր՝ համեմված սուր հումորով, որը քարոզում էր ընտանիքի, ընտանիքում կնոջ դերի, աշխատասիրության, բարոյական բարձր արժեքների գաղափարը: Զանգիի ու Անդոկի կերպարներով էլ կարծես կամուրջ կապեին անցյալի և ներկայի միջև, որտեղ Արքիմեդից, Նյուտոնից սկսած՝ հասնում ենք մինչև Կոնչիտա, նույնիսկ այփադ ու մեր մետրոն: Ֆիլմում պատկերվում է այն երևույթը, երբ իսկական թշնամիներդ քո դեմ պայքարում են հենց ծախված ազգակիցներիդ միջոցով, իսկ թշնամուն կերպարանավորել են թուրքի տեսքով: Ցույց է տալիս նաև հասարակության դժգոհության ալիքը և վախն իշխող անարդար ղեկավարության դեմ: Վերջում պայքարի ելած սովորական ժողովրդին: Մի խոսքով՝ ինձ նման սովորական հանդիսատեսի համար շատ հրաշալի ու ստացված աշխատանք, գուցե լուրջ մասնագետները բազմաթիվ թերություններ և բացթողումներ գտնեն, բայց գաղափարն, իրոք, հրաշալի էր:
Հիմա անցնեմ զարմանքիս: Ճիշտն ասած՝ սպասում էի, որ ցուցադրվելուց հետո կինոսրահներն առնվազն պիտի լեփ-լեցուն լինեն, բայց ցավով պիտի նշեմ՝ ցուցադրության ժամանակ դահլիճները համարյա կիսադատարկ են: Ժողովուրդ, իրոք, սա այն մուլտն է, որը պիտի տեսնեն 6-90 տարեկան բոլոր երեխաները:
Ես ուզում եմ իմ կողմից քայլ անել, ուզում եմ 20 կարիքավոր երեխայի համար ֆինանսավորել, որ տեսնեն այս մուլտը և կխնդրեմ խորհուրդ տալ՝ ո՞ւմ տրամադրեմ՝ զոհվածների ընտանիքների, թե մանկատան, թե այլ կարիքավոր երեխաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել