Մի հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել, ուրեմն աշխարհի ամենաբարձր հեղինակություն ու վարկանիշ ունեցող ընկերություններն էլ, որոնցից որոշների մասին միշտ լսել ենք շատ դրական և հիացական կարծիքներ՝ լինի թե ռուսական, թե եվրոպական, Հայաստանում որևէ գործ սկսելուց հետո շատ կարճ ժամկետում դառնում են ավելի վատը, քան հայկական ցանկացած ընկերություն: Օրինակ Երևան Ջուրը, մինչև 2005 թիվը ԱրմենՏելի մատուցած ծառայության որակը և գինը, մեր բոլոր հանքերը շահագործող հիմնարկները, նույնիսկ բանկերը: ՎՏԲ բանկից չխոսեմ, իմաստ էլ չունի: HSBC բանկը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ունի շատ բարձր վարկանիշ, բայց մեզ մոտ աշխատում է բոլորովին այլ սկզբունքներով ու մոտեցումներով: Ամենացածր ավանդները, ամենաբարձր տոկոսադրույքով վարկերը, ամենամեծ միջնորդավճարները, արտարժույթի փոխանակման առքի և վաճառքի ամենամեծ տարբերությունը թերևս այս բանկինն է: Մինչև հիմա բանկում չկա հերթագրման կտրոն տրամադրող ապարատ, պիտի կանգնած հերթ պահես ու անընդհատ ուշադիր լինես, որ մեկը քեզանից առաջ չսողոսկի: Մոտենում ես սպասարկողին, այնպիսի տպավորություն է, կարծես ռեցեդիվիստ կալանավորի ու փաստաբանի հանդիպում լինի, հաստ ապակուց այն կողմ հաղորդակցվում ես միայն բարձրախոսով, ու ամենածիծաղելին նա է, որ բարձրախոսի ներքևի մասում էլ կոճակ կա տղամարդկանց հետ ուրիշ ռեժիմով և կանանց հետ ուրիշ ռեժիմով շփվելու համար: Չգիտեմ՝ երևի սովորել եմ Ինեկոբանկի, Պրոկրեդիտ բանկի աշխատակազմի հետ կենդանի շփմանը, երբեմն աշխատողների ընդառաջմանը. եղել են դեպքեր, երբ, անձնագիրս մոռանալով տանը, առանց անձնագրի եմ գումար հանել բանկից:
Մի խոսքով՝ տպավորություններս շատ բացասական են, համոզված եմ, որ ուրիշ երկրներում նրանց սպասարկման որակը լրիվ այլ է:
Կարճ ասած՝ մեր երկրի զարգացման համար առաջնահերթն այս գաղջ մթնոլորտից ազատվելն է, իսկ որևէ կառույցի անդամակցելը լրիվ երկրորդային կամ երրորդային հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել