ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
Դարսվող ժամանակի ծալքերում հարմարվելով անողոքաբար աղա-վաղվում ու կեղծվում է պատմությունը: Այսօրն ու վաղը շաղկապվելով ջնջում են անցյալը, ու գալիքին մատուցում պատմական մի լեգենդ, որը գրականությունից դուրս մղվելով, տեղավորվում է արցախյան պատմության թատերաբեմում:
Ու գրվում է պատմությունը… և դեռ գրվելու է. «ուժեղ ձեռքի ստորագրությամբ»` ներկայացնելով «թաքնված հերոսներին»:
Գրում ենք հայ ազգի հազարամյակների պատմության էջերը` առանց ճշտելու իրականությունը... 
Երեկ, այսօր, վաղը... կրկնությունները չեն բացառվում, քանզի թե հեղինակների, թե հերոսների, թե ժամանակի ճիրաններում սեղմվում ու այլ ձև է ստանում իրական պատմությունը: Սխալները բազմաճյուղ և բազմաբնույթ են, մենք` դրանց գերին, ինչից ձերբազատվելու համար պետք է հապաղել… 
Մենք բնավ էլ մեղավորներ չենք փնտրում: Մեր նպատակը ճշմարտության դրոշի ծածանումն է` հանուն հայ ազգի ապագայի:
Հանուն հայ ազգի հետագա հաղթանակների, հանուն ազատամարտիկի դիմագծի պահպանման և ի խոնարհումն զոհվածների շիրիմներին:
Մենք իրավունք չունենք անտարբեր մնալու: Այսօր և ետ պետք է վերանայվեն մարտական ուղիներն ու բնութագրերը, մեդալներն ու պատվոգրերը:
Կարդում ենք Արցախի ազատամարտին մասնակից տղաների մարտական ուղիներն ու փորձում ենք տեղավորվել այդ դաշտում` ճիշտն ու սխալը տարանջատելու համար: Անելանելի վիճակ է, չասեմ անհասկանալի, որովհետև լավ էլ հասկանալի է… 
Եղել են դեպքեր, իհարկե ավելի շատ քան պատկերացնում ենք, որ մարտական ուղիները գրվել են ուղղակի` ընկերական կամ բարեկամական հողի վրա, սեղանների շուրջ կամ էլ պաշտոնավարման չարաշահմամբ: Պատերազմի ուղին անցած մարդու համար միանգամից նկատելի է մարտական ուղու սխալ կամ ճիշտ լինելը, առավել ևս այն մարդկանց կողմից է այն միանգամից հասկանալի դառնում, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել և գրել ու վերծանել են պատմական այդ ճշմարտության ծալքերը: Միանգամից նկատելի է դառնում, թե մարտական ուղին ում կողմից է կեղծված` ուղղակի մեկի, որն այնքան էլ կապ չունի տվյալ ջոկատի հետ, հրամանատարի, թե հրամանատարի կողմից միջնորդվող ընկերների կողմից: Ցավալին այն է, որ ձեռքն այդ, որը ստորագրել է կեղծ մարտական ուղու տակ չի դողացել, ու մոռացել է իր անցած ու ապրած պատերազը, իր անցած ճանապարհը, եթե իհարկե անցել է... 
Չի հիշել անգամ այն զոհված տղերքին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն ազատության: Չի հիշել այն վայրկյանները, որ խրամատների մեջ գիշերներ են լուսացրել, իսկ ՙընկերն՚ այդ հանգիստ քնած է եղել իր անկողնում:
Ու այդ ամենից հետո, ինչպես կարող են բաժակ բարձրացնել փառքով ընկածների հիշատակի համար, կամ էլ ոտք դնել Եռաբլուր…
Ապշել կարելի է մարդկային այդ ստոր վերաբերմունքից: 
Բարոյականությունն այլևս սահմաններ չի ճանաչում…
Ես հաստատ համոզված եմ, որ պատերազմն իր ուսերին տարած հայորդին երբեք չի կեղծի իր անցած մարտական ճանապարհը, երբեք չի պղծի իր զոհված ընկերոջ արյունը և երբեք չի մոռանա այն ապրումները, որոնք զգացել է պատերազմ մեկնելիս, շրջափակման մեջ ընկնելիս, նահան-ջելիս, հաղթանակի ժամանակ, զոհված ընկերոջ աչքերը փակելիս, ծնկի եկած երդվելիս և զինադադարի որոշումը լսելու ժամանակ: 
Ու այս մարտական ճանապարհն անցած որ հայորդին կպղծեր իր անցյալը, իր ներկան ու ապագան, կջնջեր իր անունը մաքրամաքուր տղաների ցուցակից ու կնմանվեր նրանց, որոնց համար ոչ մի տարբերություն չկա... չկա կյանքի ու մահված խնդիր, այլ կա միայն առիթից օգտվելու պահանջ, ու Արցախի ազատագրման համար տարվող պատերազմն էլ ոմանց համար այդ առիթն է դարձել: 
Դեռևս պատերազմի ժամանակ և ավարտից հետո ազատամարտիկներին համախմբող հիմնական օղակը` կառույցն էր հանդիսանում, Երկրապահ կամավորականների միությունը, որն էր և կար այն կենտրոնը, որը տղաներին ավելի զգոն, ավելի պատասանատու և ավելի պարտավորեցնող էր պահում: Այն սրբազան կառույց էր դարձել յուրաքանչյուր հայրենանվեր մարդու համար, բայց դա էլ փորձեցին քանդել: Այն ձեռնտու չէր ոչ համաշխարհային մասսոնական հոնդային և ոչ էլ երկիրը կառավարող պաշտոնյաներին, որովհետև ԵԿՄ-ի նման հզոր կառույցի գոյությունը կարող էր նրանց ծրագրերին վնասել: Թույլ չտալ, որպեսզի իրագործելի դառնան իրենց ապազգային քայլերն ու ծրագրերը և նրանք փորձեցին տղաների կողմից նվիրված անհատականությունների ձեռքով քանդել այն` տարանջատել: Ու արեցին...
Մաս-մաս արեցին հայորդոց հավատի կառույցը, հայորդոց հավատը փշրեցին ու մինչ օրս էլ մասնատում են: Սակայն շատ հայորդիներ զգոն գտնվեցին և թույլ չտվեցին, որ ոմն կառավարողներ իշխեն իրենց էմոցիաների, նվիրման, հավատի, ապրած կյանքի վրա, և պարտքի ու պատասխանատվության զգացումով նրանք չպղծեցին իրենց մարտական ընկերների արյունը, չուրացան նրանց տված իրենց խոստումն ու մնացին կանգուն: Այսօր էլ բաժանվող մեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի շարքում նրանցից շատերը չկան, որովհետև, այն ինչ տրվում է շատ հասարակական կազմակերպությունների կողմից նրանց հասանելի չէ, նրանք չունեն գումար` մեդալներ գնելու համար, կներեք, ինձ միշտ ուղղում են, որ ոչ թե գնելու համար, այլ դա մեդալի վրա ծախսած գումարի արժեքն է… 
Ես ուղղակի չեմ հասկանում, որ դա արժե անգամ 15000-20000դրամ, այ քեզ բան, միշտ շփոթում եմ: Գների միջին սահմանը լավ չեմ հիշում, բայց ոչինչ, սա նորմալ է…
Արդեն ոչ մի բանից զարմանալ չի կարելի, պետք է զարմանալ, թե ինչպես եղավ, որ հենց այնպես քեզ մեդալի կամ կրծքանշանի արժանացրին: Ինչ որ բան այն չէ, ուրեմն…
Դեռևս Ստալինի օրոք էր տարվում նման քաղաքականություն: Ասում եմ. «Առակս զինչ կը ցուցանե»…
Անգամ տրվող մեդալներն ու կրծքանշաններն առանց համարակալման են, առանց իրավունքի: 
Ինչ են անում համապատասխան ատյանները, ում է ձեռնտու նմանատիպ չհսկվող քաղաքականությունը… 
Կեղծ մարտական ուղիներ, չհամարակալված կրծքանշաններ, չհիմնավորված պատվոգրեր, վաճառվող մեդալներ, անօրինական արտադրվող մեդալներ, օր-օրի աճող կազմակերպություններ, որոնց միակ նպատակը իբրև ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական կարիքների հոգալն է, գրքեր, որոնք գրվում են ուժեղ ձեռքի թելադրանքով, գրողների միություն, որտեղ 50%-ն անգամ գրել չգիտի, ղեկավարություն` որը քար անտարբերությամբ է նայում այս ամեն ինչին, ղեկավարություն, որին այս ամեն ինչն ավելի ձեռնտու է, կառավարություն, որն այդպես էլ ազատամարտիկների մասին օրենք չնդունեց, քանզի խառնե-ցին իրար «չորն ու թացը» և ժողովուրդ, որին ոչինչ այլևս չի հետաքրքրում, բացի իր ստամոքսից ու… «հարևանի հարսից»…
Վաղվա հաղթանակն արդյոք մերն է լինելու…
Եվ ովքեր են գնալու պատերազմի դաշտ, նրանք, ովքեր գնել կամ շահել են իրենց մարտական ուղիները, որ իրենց թուլությունն ու ստորությունը թաքցնեն, թե նրանք, ովքեր այսօր արդեն արհամարհված ու անտեսված մնացել են պատերի տակ, կամ տանը նստած, կամ էլ մի տեղ են գտել աշխատելու և իրենց գոյությունը պահպանելու համար ու լռությամբ նայում են այս սրբապղծված իրականության աչքերին: Նրանք, ովքեր չգիտեն ապրում են, թե ոչ, նրանք, ովքեր երանի են տալիս մեռնողներին…
Սթափվեք Հայորդիներ.
Հայոց երկիրը Ձեր միասնության կարիքն ունի:
Այն ազգերը, ովքեր գիտեն, թե որն է իրենց ճանապարհը և առաջ են շարժվում մեկ գաղափարախոսությամբ, դրանք իրավունք ունեն վաստակելու հավերժության թագը: Իսկ հարատևության ճանապարհը դյուրին չէ, դա բոլորս գիտենք: Ուստի պատրաստ լինենք. զինվենք թե գաղափարապես, թե հոգեպես, թե ֆիզիկապես:
Դժվարությունների հաղթահարման առաջնային քայլերից մեկը համախմբումն է, մենք պետք է մեկ բռունցք լինենք: Սա կենսագիրք է` հոգու և մտքի, պայքարի ու ազատության:
Սա կենսագիրքն է մեր ազատամարտի պատմության մնացորդների, մեր թռիչքների ու հավերժության: Կենսագիրքը` ժողովրդի, հասարակական գործչի և անհատի, հաղթանակի ու փառքի…
ՙԻ զենը՚ ինքնաճանաչման ուղեցույց է, մեր հայելին… որի անհրաժեշտությունը զգացվում է ամենուր, այն մեր զգաստության, հպարտության և արթնության խորհրդանիշն է:
Միայն թույլերն են օգտվում առիթից, ցանկացած առիթից և ստորագույն քայլերով տարալուծում հոգին…իսկ մենք ուժեղ պետք է լինենք, որ մեզ չկարողանան ոչնչացնել: Ասում ենք… ու տարրալուծվում. Հրամանատարը հրամանատարի դեմ, ջոկաատը ջոկատի…ազատամարտիկն` ազատամարտիկի…
Այնպես, կարծես թշնամու բանակներ լինենք, կամ մասնավոր լրտեսներ: Չենք գիտակցում, որ այդ մասնավոր լրտեսը բարեկամի քողի տակ թաքնված շակալն է, որը մեզ հրահրում է գաղափարակից ընկերոջ դեմ: Այդպես վարվեցին մեր սպարապետների հետ, զորավարների հետ, ազգի ծոցում մեծացած հրամանատարների հետ:
Մաս առ մաս «լուծեցին» ազատամարտիկներին` կուսակցություններում, կազմակերպություններում, առանձին «հաշիվներով», շնորհակալագրերով, պարգևներով, մեդալներով, և ինչու չէ` «օգտագործելով տղաների կարծեցյալ թուլությունը»...
Սթափվեք հայորդիներ.
Ողջ է հայոց հրամանատարը` Մեծն արարատը, նայեք նրա սպիտակամորուս դեմքին ու զգաստացեք: Ինչու եք թույլ տալիս, որ «ձեզ հետ աղան»: Արյուն եք թափել, որ խմեն...
Հիշեք. Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հիշեք ձեր երդումը.
Ամեն օր ամեն վայրկյան հիշեք, որ դիմացինը, որի հետ քեզ փորձում են թշնամացնել, քո զինակից ընկերն է, քեզ հետ հաղթանակ է կերտել, քեզ հետ լաց է կիսել…
Շռայլում եք մարտական ուղիներ, հետո սթափվում… Չեք ընդունում ձեր զինակից ընկերոջը, հետո սթափվում… մի անհեթեթ պատճառ կարող են հորինել և «զինաթափել» Ձեզ:
Սա է ճիշտը:
Ճիշտը գիտեն միայն թալանչիները` հոգու, մտքի, ընկերոջ, երկրի…
Նրանց համար ամեն ինչ ճիշտ է: Իսկ ով է տվել նրանց մեր երկրի ճակատագրի և պատմության հետ խաղալու իրավունքը:
Հոլ են խաղում, ինչ է...
Չէ, արդեն փոխվել է խաղի բնույթը, անցել են հոլի ժամանակները: Խաղատներն են այսօր հրավիրում: Մեզ շահում ու հրամցնում են խաղատներում… ժամանակի հետ համահունչ պետք է քայլել, թե չէ...
Մի օր էլ կարթնանանք ու երկիրն առանց սահմանների կտեսնենք, կմոռանանք Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը:
Դա եք ուզում…
Հայորդիներ, քաջեր հայոց, հոգու և մտքի խաչմերուկում մի շփոթվեք ու մի տատանվեք: Ամեն օր, ամեն ժամ եկեք հիշենք, որ ի մարտ են գնում ոչ միայն պատերազմելու, այլ նաև խաղաղության պահպանման համար:
Զարմանալին, գիտեք նաև որն է, որ պատմությունը խեղաթյուրվում է հենց պատերազմին մասնակից տղաների ձեռագրերում: Սա արդեն աններելի է:
Հաղթիր քո հավատով, ազատամարտիկ, քո ապրած կյանքով, քո տարած հաղթանակով: Հաղթիր քո սիրով ու միասնությամբ, որ մենք չպարտվենք…
Թույլ չտանք, որ խեղաթյուրվի հայոց ազատամարտի պատմությունը, որտեղից էլ սկսվում է դավաճանությունը…
Ի զեն հայորդիներ.
Հայոց երկիրը մեր միասնության կարիքն ունի: 
Եթե յուրաքանչյուրս պատրաստ լինենք խոնարհվելու մեր պատմության առաջ, ապա գալիքը մեր հաղթանակների ճանապարհը կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել