Ի՜նչ հիմարություն ասես, որ չես լսի՝ կապված Պերմյակովի գործի ու դրա առաջացրած հետագա զարգացումների հետ կապված։ Ընդ որում՝ թե՛ հայակական, թե՛ ռուսական տեղեկատվական դաշտի մասին է խոսքը։
Կառանձնացնեմ երկու ամենավնասակար ու ամենասխալ եզրահանգումները, որոնք լայնորեն տարածվում են մեդիա դաշտում երկու կողմերից, ու կփորձեմ բացատրել՝ ինչում են կայանում դրանց ռիսկերը։

Սկսենք ռուսականից։
Հիրավի, ապշել կարելի է այն ճչուն ոչ պրոֆեսիոնալիզմից, որին ականատես ենք լինում ռուսական քարոզչամեքենայի աշխատանքից։ Բառիս ամենավատ իմաստով՝ կիսելյովշչինա է։ Փոխանակ լուրջ ուսումնասիրեին հարցը, փորձեին հաշվի նստել հայերի զգացմունքների, ինտելեկտի ու պահանջների հետ, որոշեցին դիմել շաբլոնի ու «на всякий случай» հայտարարեն, որ իրականում էս ամեն ինչը ԱՄՆ պետական դեպարտամենտն է կազմակերպել, ու Հայաստանում նախամայդանային իրավիճակ է։ Ինչպես շատ դիպուկ կատակել էր ռուս օգտատերերից մեկը. «В российских СМИ паника. Ищут основание почему армяне должны быть фашистами. Пока не находят»։
Ռուսաստանում նման քարոզչական մեխանիզմ գործարկողները կամ պարզապես չեն հասկանում, որ նման հիմարություններին լայն տարածում տալով՝ նրանք միայն ավելի են բարձրացնում հակառուսականության սանդղակը Հայաստանում՝ անարգանք դրսևորելով ցանկացած բանական հայ մարդու հանդեպ, կամ էլ անում են դա դիտավորությամբ։ Սա շատ վտանգավոր տենդենց է, որովհետև իրոք կարող է երբեմնի ամենառուսոֆիլ երկիրը դարձնի տարածաշրջանի թիվ մեկ ռուսոֆոբական տրամադրություններով երկիր։

Հայկական կողմում էլ գտնվեցին մեծանուն քրեագետներ ու մտքի գիգանտներ։

Մասնավորապես, մի քանի լրագրողների ու օգտատերերի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց հիրավի անհեթեթ տարբերակը, որ իբր Պերմյակովի գլխին սարքել են։ Չգիտեմ որքանով են այս տեսակետը տարածողներն ազնիվ ու անաչառ, բայց եթե ձեր միակ փաստարկը կոշիկ ու զենք թողնելն է, կցանկանայի ուղղակի ակնարկել, որ եթե ինքն անգամ մանրակրկիտ մաքրեր բոլոր հետքերն ու իր հետ տաներ բոլոր իրեղեն ապացույցները, միևնույն է, մի քանի ժամ հետո հիմնական կասկածյալը հենց ինքն էր լինելու։ Ինչո՞ւ։ Որովհետև, հարգելի գիտուններ, զորամասում վաղ թե ուշ պարզելու էին, որ իրենց զինվորը զինված թողել է զորամասը, իսկ հանցագործության վայրի զննությունը ցույց էր տալու, որ մարդկանց սպանել են հենց այն զենքով, որով Պերմյակովը լքել էր զորամասը, այնպես որ՝ կթողներ նա իր կոշիկները, թե չէր թողի, միևնույն է՝ հիմնական կասկածյալը մնալու էր հենց ինքը։ Բացի դրանից, պարոնայք Շերլոկներ, դուք ախր չգիտեք գործի մանրամասները, ինչպե՞ս եք նման պնդում անում։ Հասկանո՞ւմ եք, որ ամենապարզ դատական էքսպերիմենտը կարող է թոզմիշ անել ձեր դավադրության այս տեսությունը, եթե Պերմյակովը կարողանա ինքնուրույն ցույց տալ տան տեղը...
Ինչևէ, էս տարբերակը շրջանառելու ամենամեծ ռիսկը նրանում է, որ դրանից արդեն կառչել են ռուսական տարբեր լրատվամիջոցներ, ու հիմա շարքային ռուս քաղաքացին, որը տեղեկատվություն է ստանում ռուսական լրատվամիջոցներից, կարող է սկսել կասկածել, որ Պերմյակովը մեղավոր է, ու այդպիսի քաղաքացիները հազարներ ու հարյուր հազարներ կարող են լինել, ինչն էլ ավելի կկաշկանդի առանց այն էլ դանդալոշ ռուսական պետական ապարատին՝ Պերմյակովին մեզ հանձնելու հարցում։ Ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ էլ կարող են վախենալ, որ նման քայլը կարող է բունտ առաջացնել իրենց մոտ, թե բա ինչի՞ եք մեր զինվորին, որին հաստատ պադստավկա են արել, հանձնում էդ վայրենի լեռնցիներին։
Այլ կերպ ասած՝ այս տարբերակը տարածողներն ուղղակիորեն նպաստում են նրան, որ Պերմյակովին երբեք ու ոչ մի պարագայում չհանձնեն Հայաստանին։ Ա՞յդ է ուզածներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել