Իմ հայտարարությունը Ազգային ժողովում (02.10.2012 թ.)
Մինչ խորհրդարանը պատրաստվում էր քննարկելու Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը, Հայաստան այցելեց Եվրահանձնաժողովի՝ Արևելյան գործընկերության և Ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ավելորդ է ասել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը գտնվում է նախընթաց պատմության տեսանկյունից, երևի, ամենաբարձր մակարդակի վրա: Հանձնակատար Ֆյուլեն, ինչպես քաղաքացիական հասարակության ֆորումում ունեցած իր ելույթի ընթացքում, այնպես էլ պաշտոնական հանդիպումներում, հրապարակայնորեն դրական արտահայտվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքի և առկա ձեռքբերումների վերաբերյալ, իսկ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները գնահատեց որպես շատ հուսալի:

Հայաստանի քաղաքական իշխանությունները, Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդհանրապես եվրաինտեգրման ուղղությունը համարում են մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Ավելորդ է նշել, որ Հայաստանի եվրաինտեգրման օրակարգը ուղիղ համեմատական է մեր երկրում բարեփոխումների շարունակական խորացման անհրաժեշտության հետ: Մեծ հաշվով կարելի է արձանագրել, որ Եվրամիության կողմից Նոր հարևանության քաղաքականության, ապա Արևելյան գործընկերության շրջանակներում բյուրեղացած “Ավելին ավելիի դիմաց” բանաձևն արտացոլումն էր նաև Հայաստանյան իշխանությունների՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ավելի առաջ գնալու և ներքին բարեփոխումներում ընդգծված առաջընթաց արձանագրելու քաղաքական հաստատակամության: 

Այս համատեքստում խոսել այն մասին, որ հայաստանյան իշխանությունները “բարեփոխումները զոհաբերում են հանուն վերարտադրության”, նշանակում է կամ առաջնորդվել սխալ տպավորությամբ կամ ձգտել իրականությունը տեսնել այնպիսին, ինչպիսին այն ցանկալի կլիներ: Ավելին, հենց նման հաստատակամությունից է ծնվել նաև 2013 թ. առաջին կեսին “Դոնորների համաժողով” անցկացնելու գաղափարը, որի նախաձեռնողը պաշտոնական Երևանն է, իսկ նպատակը՝ բարեփոխումների խորացումն ու դրանց անշրջելիության ապահովումը, ինչի մասին այս դահլիճում ամիսներ առաջ խոսեց նաև ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: 

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Եվրամիության Հանձնաժողովի կողմից 2012 թ. մայիսի 15-ին հրապարակված զեկույցի գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը շատ լավ առաջընթաց է գրանցել քննարկվող օրակարգային հարցերի շուրջ, որոնց ուղղությամբ, ինչպես հավաստում են Եվրամիության մեր գործընկերները, Հայաստանը Արևելյան գործընկերության երկրների շարքում առաջնային դիրքերում է: Այս ամենից դուրս, ցանկացած միտք կամ գնահատական ընդամենը “wishfull thinking”-ի հետևանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել