Երթուղայինում մի քիչ առաջ կողքս նսեց միջին տարիքից բարձր մի կին ու պանիկայի մեջ փոխանակման կետ էր ման գալիս՝ դոլար գնելու համար։ Ասում է՝ Յունիբանկում ասացին. «վաճառում ենք դոլար միայն մեր հաճախորդներին»։ Հիմա փոխանակման կետ եմ ման գալիս $500 առնելու համար։

Ասում եմ՝ ինչո՞ւ եք պանիկայի մեջ ընկել ու շտապ դոլար վերցնում։ Առևտրակա՞ն եք, բիզնեսմե՞ն։ Ասում է՝ «չէ, վախենում եմ՝ դրամը կտրուկ արժեզրկվի և շրջանառությունից դուրս գա։ Թե չէ ինձ դոլար պետք չի»։

Հարցնում եմ՝ տիկին, Ձեզ ո՞վ է նման էշություն ասել, որ դրամը շրջանառությունից դուրս է գալու։ Ասում է՝ «ասել են, ով ասել է, մի բան գիտի»։

«Իսկ դուք ի՞նչ եք կարծում»,— հարցնում է տիկինն ինձ։ «Իմ կարծիքը հենց նոր ձևակերպեցի՝ դրամի՝ շրջանառությունից դուրս գալու լուրերն էշությունների շարքից են։ Իսկ դոլարի որոշակի արժևորում հնարավոր է»։

Տիկինը գնաց փոխանակման կետ փնտրելու, իսկ իմ մոտ հարցեր առաջացան։ Ինչու՞ են բանկերը նորից սահմանափակում դոլարի վաճառքը։ Պետական մարմինները պետք է բացահայտեն նման դեպքերը և կտրուկ քայլեր ձեռնարկեն։ Անցած վալյուտային շոկի հիմանական մեղավորները բանկերն էին, որ սկսեցին չվաճառել դոլար ԿԲ֊ի՝ «դոլարի պակաս չունենք» երաժշտության տակ՝ մարդկանց մոտ առաջացնելով պանիկա։

ԿԲ֊ն պանիկայի մեջ հայտնված հասարակ քաղաքացիներին անվանեց սպեկուլյանտ, որոնք վերջում մեծ կորուստներ կրեցին վալյուտային շոկի ավարտից հետո։

Հիմա նույն սցենարի ախտանիշներն եմ տեսնում, ուղղակի այս անգամ «զարգացում ունենք», մարդկանց մեջ անհեթեթ լուրեր են տարածում, որ դրամից ազատվեք, քանի որ շուտով պետությունն է ազատվելու ազգային արժույթից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել