Թուրքական դատարանն ուշագրավ պատասխան է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով դատական հայց էր բացել իրեն որպես հայ ներկայացրած թուրք գրողի դեմ:

Անցյալ տարի Սուլեյման Եշիլյուրթի հեղինակությամբ լույս տեսած «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

«Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գրքում հեղինակը պնդում էր, թե Քըլըչդարօղլուն ունի հայկական արմատները. նրա մայրը Դերսիմի հայերից է: Գրքում պատմվում էր ընդդիմադիր գործչի երիտասարդ տարիների և վաղ քաղաքական գործունեության մասին:

Քըլըչդարօղլուն գրքի` շուկա դուրս գալուց հետո դիմել էր դատարան: Նա իր հայցում նշել էր, թե «գրքում իր հասցեին վիրավորանքներ են հնչեցվել, ինչպես նաև իրեն զրպարտել են»: Վերջինի հայցում նշված էր նաև, որ իրեն «հայ» անվանելը նա որպես «վիրավորանք» էր դիտում:

Անկարայի երկրորդ դատարանն արդեն կայացրել է այս գործով իր վճիռը, որով մերժել է բավարարել Քըլըրչդարօղլուի հայցը: Դատարանն իր հրապարակած վճռում նշել է, որ «հայ լինելը չի կարող վիրավորանք համարվել»:

Նշեմ, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը նմանատիպ հայց էր ներկայացրել նույն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ, ով նշել է, թե Գյուլն ունի հայկական ծագում: Թուրքիայի նախագահը շահել էր դատը և Արըթմանից փոխհատուցում ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել