Hraparak.am-ը գրում է․

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրավեր էին ստացել դեկտեմբերի 21-ին, կիրակի օրը, մասնակցելու «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության համագումարին: Սակայն գեներալ Մանվելի բառապաշարով ասած՝ «լայաղ չէին արել» գալ: Բարձրաստիճանների միակ ներկայացուցիչը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էր, մյուսներն իրենց նախարարություններից ներկայացուցիչներ էին ուղարկել: Կառավարության Մելիք-Ադամյան հասցեում գտնվող կիսադատարկ դահլիճում զրնգում էին պատանիների պաթետիկ ելույթները, որոնց բովանդակությունից ենթադրվում էր, որ իրենց համար հայրենիքն էլ, հայրենասիրությունն էլ զորավար Մանվել Գրիգորյանն է: Բարձրաստիճանների բացակայությունից օգտվելով՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանն ամբիոնի մոտ հանպատրաստից բարոյախրատական ճառ ասաց՝ իրեն բնորոշ կոլորիտով ու բառուբանով: Ինչպես եւ սպասելի էր, Սերժ Սարգսյանի ճամբարում ապաստանած գեներալը երիտասարդ երկրապահներին, որպես վատ օրինակ, մատնացույց էր անելու «հայրենիքի, պետության դեմ» ըմբոստացողներին: Նա անուններ չհնչեցրեց, սակայն նրա ցաքուցրիվ զեղումներից ակնհայտ էր, թե ում եւ ինչին էր նվիրված ասելիքը: Նա ազատամարտին իրենց մասնակցության մասին լիրիկական զեղումներից մերթընդմերթ տեղափոխվում էր մեր օրեր: «Անկախությունն ա թանկ բանը, հողը, փողը ոչ մեկի հոր սեփականությունը չի, ինչ տենում եք՝ բռնած պաշտոններից, ժամանակավոր բաներ են, մի ամիս, հինգ տարի, տաս տարի, բա հետո՞… նենց որ, սարն ամենքին ա հավասար, սա ձեր երկիրն ա, եղեք տանտերը, տիրոջ հոգեբանություն պտի ունենաք, տենց պիտի մեծանաք, դաստիարակվեք, սովրեք, աշխատեք: Քննադատեք էն վախտ, երբ որ ձեզի խանգարում են, երբ որ գործ եք անում, իսկ եթե գործ չեք անում ու որեւէ մեկին՝ աշխատողին քննադատում եք, դա արդեն հետաքրքիր չի»,-պատանի ու երիտասարդ հետեւորդներին խրատեց զորավարը՝ որոշ հատվածներում անզուսպ ցասումով. «Ու էսօր նայեք ով ումն ա քննադատում, ով ոչ մի բան չի անում, քաշվե ղրաղ կայնել են ու բա՝ հոհոհոհո…, բա սխալ էլ կանեն, բա ի՞նչ կանեն, բա մարդն աշխատում ա… կալոս ա, մեքենա ա, տեխնիկա ա, աշխատում ա, պտի բենզին էլ լցվի, յուղ էլ լցվի, չելավ, վատն էլ կըլնի…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել