Ղ. Աղայանն իր «Անահիտ»-ը գրել է դեռևս 1881 թ- ին , բայց որքա՜ն արդիական է նրա ամեն մի «տառը», միտքը... Քիչ առաջ նորից վերընթերցեցի, և մանկությունս ողջ ուժով վերադարձրեց ինձ հեքիաթներիս աշխարհ, երբ Բարին միշտ, ամեն դեպքում հաղթում էր չարին, երբ նրանք երկուսն էլ կոնկրետ կատեգորիաներ էին, բարին բարի էր, չարը՝ հստակորեն չար, այլ ոչ լղոզախառը «հանդուրժողակեղծիքով» լի... Դեռևս 19-րդ դ-ում Աղայանը հեքիաթի միջոցով տալիս է Հայոց աշխարհի տեղանուններ, սահմաններ, ավանդույթներ և քաղաքական կամքի ու համակարգի հստակ ձև։ Ղ.Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված Անահիտ մուլտն իրոք շատ բան կտա հանդիսատեսին, բայց ԿԱՐԴԱԼԸ նայելուց առաջ ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր...
.....Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։
...Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում։ Վաչագանը հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը՝ նրա ծառան, ըստ որում՝ երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ՝ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից, միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ովքե՛ր՝ անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից՝ առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։ Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը Աստծու պես իմանում է, թե ո՛ւմ ինչ է պետք, և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել։ Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր..... ։)՜՜՜՜ 
Հ.Գ. Ասում եմ.. Հե՜յ գիտի ժամանակներ ՜՜՜՜՜՜՜

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել