Ծանոթանալով Ստյոպա Սաֆարյանի՝ «Հետք» էլեկտրոնային լրատվակայքում հրապարակված «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1» (17 դեկտեմբերի, 2014) վերլուծականին և անսալով ընկերներիցս մի քանիսի, այդ թվում՝ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հորդորներին՝ որոշեցի ներկայացնել իմ դիտարկումները Հոդվածագրի բերած փաստերի և մտահանգումների վերաբերյալ:
Պրպտող մտքին հատուկ մանրակրկիտ համադրումներով գրված այս վերլուծականը, ցավոք, զերծ չէ մի առանցքային թերությունից, որը չէր կարող անտարբեր թողնել մեզ: Բանն այն է, որ Հոդվածագիրը, առհասարակ հավատարիմ գտնվելով քննական ոգուն, Հասան Հասանովի՝ ենթադրաբար դեպի Ջաբրայիլ (կարդա՛ քաղաք Մեխակավան) կատարած այցը ապրիորի ընդունում է՝ որպես ճշմարիտ փաստ: Եթե այցի մասին հիշատակվեր հարևանցի, կարելի կլիներ զանց առնել այն հանգամանքը, որ Հոդվածագիրն ադրբեջանցիների հաղորդած տեղեկություններից բացի՝ այլ ապացույց չի ներկայացնում, որ այցը կատարվել է հենց Մեխակավան, մինչդեռ այստեղ գործ ունենք ոչ թե հարևանցի հիշատակման, այլ տվյալ պատմական դրվագի հիման վրա ամբողջ հոդվածի տրամաբանության ու մտքի կառուցման: Հոդվածագիրը կարող է առարկել մեզ, որ լուրջ հիմքեր չկան Հասանովի բերած տեղեկությանը չհավատալու, հատկապես եթե կա տեսաձայնագրություն, իսկ Ջաբրայիլ անունով այլ տեղանուն գոյություն չունի: Շտապենք կանխել նման խարխուլ փաստարկումների ճանապարհը՝
- առհասարակ ադրբեջանցիների բերած տեղեկատվափաստերը, հատկապես երբ գործ ունենք հատուկ նշանակության դեպքերի ու դեմքերի հետ, ի սկզբանե հայ (և ոչ միայն) հետազոտողի կողմից պիտի համարվեն ոչ հավաստի, և փորձեր ձեռնարկվեն ինքնորեն հաստատելու այդ փաստերը,
- տեսաձայնագրության մեջ (որի թարգմանությանը Հոդվածագիրը տիրապետել է ինքնուրույն կամ թարգմանչի միջոցով) որևէ խոսք չկա, որ գործող անձինք գտնվում են Ջաբրայիլ քաղաքո՛ւմ («Ջաբրայիլ vs Ջաբրայիլ քաղաք». սրա մասին տե՛ս ստորև) և/կամ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) տարածքում, նույնպես և չի խոսվում հայերին մոլորեցնելու, փաստաթղթեր կեղծելու և նմանատիպ այլ հավանական թեմաների մասին, որ կարող էին արծարծվել նման դեպքում: Եթե Հոդվածագիրը նման զրույց է արձանագրել տեսաձայնագրության մեջ, ապա տվյալ դեպքում ուղղակի պարտավոր էր բառացի մեջբերել դրա թարգմանությունը, թեպետ անձամբ մենք նման տեքստ չենք վերծանել,
- թերևս ամենակարևորը՝ տեղի ու տեղանվան հարցը: Նախկին Ջաբրայիլ քաղաքը, որ վերանվանված է «Մեխակավան», ազատագրվել է 1993թ. օգոստոսի 23-ին, ինչին հաջորդել է ամբողջ Ջաբրայիլսկի ռայոնի ազատագրումը: Ֆիքսե՛նք, որ Ջաբրայիլ քաղաքը Ջաբրայիլսկի ռայոնի շրջկենտրոնն էր: Ջաբրայիլսկի ռայոնն ընդունված է համարել հայտնի «7 շրջաններից» մեկը: Իրականում քչերին է հայտնի, որ նախկին շրջանի տարածքն ամբողջությամբ ազատագրված չէ, և գյուղերից մեկը՝ Չոջուք Մերջանլըն (երեք «մերջանլըներից» երրորդը՝ ամենաարևելյանը), գտնվում է Ադրբեջանական Հանրապետության վերահսկողության տակ: Գյուղը մեր կողմից ազատագրվել է 1993թ.-ի ընթացքում 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի ուժերով, հետագայում Ադրբեջանի աշնանային հուժկու հակահարձակման հետևանքով՝ վերստին կորսվել է: Այդ ռազմագործողությունների ընթացքում գյուղը մեծավ մասամբ ավերվել է և հետագայում չի վերականգնվել՝ ի տարբերություն ադրբեջանցիների կողմից գրավված մյուս գյուղերի: Մեր խորին համոզմամբ՝ նկարահանումը արված է հենց այս գյուղի ավերակներում, ասել է թե՝ ներկայիս Ադրբեջանի տարածքում,
- մեր նման պնդման օգտին են խոսում այն փաստերը, որ այդ գյուղը շուրջ մի քանի տարի է՝ ակտիվ ադրբեջանցիների կողմից վերածվել է յուրօրինակ ուխտատեղիի: Ցանցում առկա են ևս մի քանի այցելությունների տեսագրություններ, ըստ որում՝ դարձյալ «Ջաբրայիլ(ում)» վերնագրումներով: Այդ տեսագրությունների շուրջ ծավալված ներադրբեջանական քննարկումներից ակնհայտ է դառնում, որ երբեմն ադրբեջանցիները նույնպես կարծում են, թե խոսքը նախկին Ջաբրայիլ քաղաքի մասին է, և հետաքրքրվում են, թե ինչպես կարելի է գնալ: Ակնհայտ է, որ նման ամպագոռգոռ վերնագրի ընտրությունը տարբեր այցելուների, այդ թվում՝ Հասանովի կողմից, նպատակ է հետապնդում առանձնակի շուք վերագրել սեփական արարքին, ինչին չեն կարող հասնել, եթե ուղղակիորեն գրեն՝ «[Ջաբրայիլի] Չոջուք Մերջանլը գյուղում»:
Այսպիսով, Հոդվածագիրը պատշաճ չափով չի ջանացել հավաստանշելու իր կողմից ի սկզբանե ճիշտ ընդունվող փաստը՝ միակողմանիորեն և անհիմն կերպով հավատ ընծայելով ոչնչացված դիվերսանտի և վերջինիս ընտանիքի տարածած լուրերին: Իրականում, այդ լուրերից զատ՝ որևէ այլ փաստ չի խոսում այն բանի օգտին, որ Հասանովի այցն իրոք կատարվել է Մեխակավան: Մինչդեռ մեր կողմից բերված փաստարկներն ու փաստերը բավարար են՝ անհիմն համարելու հակառակորդ կողմի պնդումները:
Մեր հորդորն է Հոդվածագրին և լրատվակայքին՝ անկախ իրենց դավանած քաղաքական հավատամքից, ամենայն զգուշությամբ վերաբերվելու նմանատիպ հարցերին, որոնք կարող են հասարակաց հուզումներ առաջացնել, և կոնկրետ այս պարագայում՝ տպավորություն ստեղծել, որ երկրիս բնակչության անվտանգությունը պատշաճ կերպով չի ապահովվում քաղաքացիական և զինվորական իշխանությունների կողմից, և թշնամու դիվերսանտներն անարգել մուտք են գործում մեր տարածքի ամենատարբեր հատվածներ:
Հ.Գ. Հղումներ
1. Խնդրո առարկա վերլուծականը՝ այստեղ
2. Նախկին Ջեբրայըլսկի ռայոնի քարտեզը՝ ծայր հարավարևելքում՝ Չոջուք Մերջանլը գյուղը՝


 
3. Այլ այցելուների տեսագրություններ (ուշադրություն դարձրե՛ք տեղանքի նույնությանը, ավերակներին և վերնագրերին)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել