2014 թվականը Հայաստանի արտաքին հարաբերություններում նշանավորվեց մի շարք ուշագրավ իրադարձություններով և մարտահրավերներով. մի կողմից՝ Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմից՝ հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղականության հիմնական խնդիրներն էին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք արտաքին քաղաքականության մեջ, որո՞նք էին մեր բացթողումները միջազգային հարթությունում. անցնող տարվա հայաստանյան արտաքին քաղաքականությունը «Առավոտը» ամփոփել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: «ԵՏՄ-ին միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը կանխորոշված էր մեր երկրի զարգացման նախորդ քսանամյակի առանձնահատկություններով, կառավարման ղեկը ձեռքները վերցրած պաշտոնյաների անհատական նախասիրություններով: Հավանաբար հաշվի է առնվել նաև այն, որ Հայաստանի հարևանությամբ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները զուգորդվում են սուր ռազմական հակամարտություններով, որոնցից պաշտպանվելու համար անհրաժեշտ էր նաև կարողունակ ռազմական դաշինքի անդամ լինել, և անվտանգության ոլորտում առկա այս ռիսկերը այլընտրանքի բացակայության պայմաններում պետք է որ նպաստեին Ռուսաստանի, հետևաբար նաև ԵՏՄ-ի հետ հարաբերություններին նախապատվությունը տալուն: Առաջիկա երեք-չորս ամիսները լուրջ փորձությունների շրջան կդառնան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար»,- Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, այսպես ներկայացրեց պարոն Մելիքյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին և պատասխանելով մեր դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, կարծես թե, առավել ակտիվորեն է ներգրավված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ միևնույն ժամանակ պահելով իր ժխտողական կեցվածքը, պարոն Մելիքյանն ասաց. «Թուրքիան, անշուշտ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ցանկություն և նպատակ չունի, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն էլ թույլ են տալիս նրան, մնալով Արևմուտքի ճամբարում, սիրախաղ անել Ռուսաստանի հետ: Այս պահվածքը կարող է արդյունավետ լինել այն առումով, որ ազդեցիկ միջազգային դերակատարներին զերծ պահի հայ-թուրքական հարաբերությունների հարցով Անկարայի վրա ճնշումներ գործադրելու գայթակղությունից»: Պարոն Մելիքյանը նշում է, որ մենք պետք է կարողանանք այդ երկրի հետ չմիջնորդավորված հարաբերություններ հաստատել, ուղիղ քաղաքական երկխոսություն ծավալել: «Սա բարդ խնդիր է, որի լուծման համար լուրջ ներուժ ու հետևողական ջանքեր են անհրաժեշտ: Այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ ծանրակշիռ քայլերի՝ դրանք պետք է մշակվեն»,- ասաց նա: 2014 թվականին հարևան Ադրբեջանը հատկապես աչքի ընկավ իր ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանում հրադադարի խախտման միջադեպերը, ամենաուշագրավը՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռը խոցելն այդպես էլ լուրջ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից: Այս մասին ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց. «Կարծում եմ՝ Ադրբեջանի նման պահվածքը ճակատային գծի շրջանում հետևանք է բանակցային գործընթացում հայկական կողմերի թույլ տված որոշակի թերացումների: Մեր բանակցողները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես խաղաղ կարգավորման համար հիմք ծառայող դրույթների ամբողջականություն, անուշադրության են մատնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը, ինչի հետևանքով խեղաթյուրվել է հակամարտության ժամանակագրությունը՝ միջնորդները նախընտրում դրա սկիզբը համարել ոչ թե 1988թ., այլ 1991-92թթ., ինչի արդյունքում Հայաստանն արհեստականորեն հռչակվում է ագրեսոր-պետություն: Արդյունքում Ադրբեջանը հայտարարում է, որ իրավասու է կատարել սեփական տարածքն ազատելու համար անհրաժեշտ ուժային գործողությունները: Այսպիսով դիվանագիտական ճակատում թույլ տրված վրիպումները հանգեցնում են ռազմաճակատում ցավալի կորուստների, որոնց նկատմամբ միջազգային հանրությունն անտարբեր է մնում»: «Առավոտի» հարցին՝ կարո՞ղ ենք անցնող տարվա Հայաստանի որևէ դիվանագիտական հաղթանակ հիշատակել, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Հաղթանակների մասին խոսելը մեծ չափազանցություն կլիներ, իրավիճակն այսօր անհամեմատ ավելի մեծ վտանգներ է պարունակում մեզ համար, քան ընդամենը մեկ տարի առաջ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ 17.12.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել