Քանի որ երբեք լուրջ չեմ ընդունել հորոսկոպին, նամանավանդ հորոսկոպյան լուրջ կանխատեսումներին, որոշեցի այծի մասին մի քանի տեղեկություններ տալ, որոնք թարսի պես համընկնում են ներկա իրավիճակի հետ:
Ուրեմն առաջին հայացքից այդ անմեղ կենդանին բնությանն ամենամեծ վնաս հասցնող կենդանիներից մեկն է: Բոլորս գիտենք Ռոբինզոն Կրուզոյի մասին, որն ապրում էր անմարդաբնակ կղզում այծի հետ: Դա իրական պատմություն էր Նավաստի Սելկիրկի մասին, որն ընկել էր Խուան Ֆերննդես կղզին: Իսկ այծին ժամանակին բաց էին թողել նավաստիները, որպեսզի նավաբեկությունից փրկվածներն այդ կղզում ապրելու միջոց ունենան: Բայց... Սելկիրկի պատմությունից 100 տարի անց, երբ Դարվինն այցելում է այդ կղզի, կղզու փարթամ բուսականության փոխարեն տեսնում է կիսաանապատ մի տարածք, ամբողջ կղզին անապատացրել էին այծերը:
Չինական պարսպի շինարարության ժամանակ՝ պատի բարձրադիր մասերին հասնելու համար, օգտագործել են այծերին՝ նրանց վրա ամրացնելով քարերը՝ քշել են դեպի պատը, նրանք հեշտ բարձրանալով՝ քարերը հասցրել են տեղ: Չինական պարսպի շինարարությունից անցել է մոտ 2000 տարի, մինչև հիմա պատի շրջակայքով լերկ անապատ է:
Այծերը կիսաանապատի վերածեցին նաև Սուրբ Հեղինե, Կյուրասաու, Պորտու, Սանտու կղզիները, ոչնչացման եզրին հասցրեցին Լիբանանի խորհրդանիշ մայրի ծառը, կրճատեցին Նոր Զելանդիայի, Մադագասկարի հսկայական անտառային տարածքներ, նաև օժանդակեցին Հյուսիսային Աֆրիկայում Սահարա անապատի ընդարձակմանը:
Իսկ ի՞նչն է պատճառը: Նրանք ի տարբերություն մյուս խոտակեր կենդանիների՝ բույսը ոչ թե պռճոկում են, այլ ուտում են արմատով, որն էլ հնարավորություն չի տալիս բույսին վերարտադրվել, իսկ երբ կերը պակասում է, նրանք հողի տակից հանում են նաև սերմերը: Հողն էլ, բուսականությունից զրկվելով, անձևների ժամանակ մաքրվում է բերրի շերտից, ենթարկվելով էրոզիայի՝ վերածվում լերկ ժայռաբեկորի:
Ինձ թվում է՝ արդեն կարիք չկա բացատրելու՝ ինչի են սատանային հնում ներկայացրել այծի նմանությամբ: Հիմա էս տարի հերիք չի այծի տարի է, հետն էլ երկնագույն, մի խոսքով՝ մի բան պետք ա ձեռնարկել էս երկնագույն այծերի դեմ, այլապես տեսնում ենք նրա ներկայությունը՝ դեռ տարին չսկսված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել