1in.am-ը գրում է․
ՆԱՏՕ-ն տեղեկատվական «պատերազմում» Ռուսաստանին դիմակայելու «չափավոր զենք» է փնտրում՝ գրում է The Financial Times-ը: Որպես օրինակ թերթը բերում է YouTube-ում ՆԱՏՕ-ի ալիքում հրապարակված հոլովակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լվովում նկարահանված «Ուկրաինա. որտե՞ղ են բոլոր ֆաշիստները» անվանումով սյուժեում ՆԱՏՕ-ի պաշտոնական ալիքը բանավիճում է ռուսական ԶԼՄ-ների այն տեղեկության հետ, որ Ուկրաինայի արևմուտքում «քաոսն ու ֆաշիստները գրավում են երկիրը»: Իր հերթին, ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը սյուժեին ի պատասխան իր թվիթերյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ «Ազով» գումարտակի մարտիկները կեցվածք են ընդունում ֆաշիստական խորհրդանշանով դրոշների և ՆԱՏՕ-ի դրոշի ֆոնին: «Նրանք այստեղ են»,- պատասխանել է ռուսական առաքելությունը:
«Այդ ճգնաժամում Ռուսաստանը տեղեկատվությունն օգտագործում է որպես զենք»,- մեջբերում է թերթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապպաթուրայի խոսքը: «Նրանք հասնում են մինչև մեր էլեկտորատ, քաղաքականության վրա ազդելու համար»,- նշել է նա: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները և արևմտյան քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ռուսական արշավը կարող է չափազանց վատ անդրադառնալ Մոսկվայի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների պահպանման վերաբերյալ «եվրոպական փխրուն կոնսենսուսի վրա»՝ ասվում է հոդվածում:
Եվրոպական երկրներից բարձրաստիճան պատվիրակությունները սկսել են հանդիպումներ անցկացնել Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում և իրենց մայրաքաղաքներում այդ հարցը քննարկելու համար՝ նշում է պարբերականը: Այդպիսի քննարկումներից մեկի արդյունքն էլ եղել է «լվովյան հոլովակը»՝ հավելում է թերթը: ՆԱՏՕ-ում աղբյուրների խոսքով՝ ապագայում ևս կարելի է սպասել նման տեսանյութերի հայտնվելուն:
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ «պրոպագանդային մեր պատասխանը չի կարող ավելի մեծ պրոպագանդա լինել»: