Թուրքիայի հավակնոտ ծրագրի ընթացքը շարունակվում է: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պարզվում է` «Թուրքիան պատրաստվում է հիմնել իր 82-րդ նահանգը», բայց իր տարածքից դուրս, ոչ ավել ոչ պակաս` «տիեզերքում»: Թուրքիայում պաշտոնապես հաստատված և արդեն իսկ մեկնարկը տրված «Տիեզերական ծրագրի» շրջանակում նախատեսվում է ԱՄՆ ՆԱՍԱ-ի նմանությամբ հատուկ տիեզերական կայան ստեղծել: Հաջորդ տարի ՆԱՍԱ-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ պատրաստվելու են թուրք մասնագետները, ավելի ուշ` սեփական տիեզերագնացներն, իսկ 2030 թ. նախատեսվում է սեփական տիեզերանավն ուղարկել տիեզերք: Մի խոսքով Թուրքիայի հավակնությունները գնալով մեծանում են, այլ հարց է, թե դրանք որքանով կարող են ամբողջությամբ իրականանալ: 
Դեռևս 2001 թ. մարտին Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել «Թուրքական տիեզերական կազմակերպության» ստեղծման մասին (Türk Uzay Kurumu): Ի կատարումն այդ որոշման` ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ խորհրդի կազմակերպման ու օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ, և 2002 թ. ընդունվեց «Ազգային տիեզերական գործակալության մասին» օրենքը: Նույն թվականին այդ նպատակներով հատկացվեց շուրջ 250 մլն դոլար: Թուրքիայի «Ազգային տիեզերական հետազոտությունների նախագիծը» 2005 թ. մշակվեց Թուրքիայի գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն խորհրդի կողմից, ապա հաստատվեց ԱԱԽ-ի կողմից, և հետագայում լայնորեն ուսումնասիրության ենթարկվեց Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստերում: Ծրագրի իրականացումը դրվեց Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կազմակերպության (TÜBITAK) վրա, որը պետք է համագործակցի ԶՈւ ԳՇ-ի, ՌՕՈՒ հրամանատարության, տրանսպորտի նախարարության, ինչպես նաև գիտահետազոտական հիմնարկների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել