Նախօրեին Վանաձորում Քաղաքացիական լսումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադառնալով Եռյակի գործունեությանը, նշել էր, որ «խորհրդարանական համագործակցությունը պիտի շարունակվի` դուրս գալու խնդիր չկա»: «Բայց կա ժողովրդին դեմ դիմաց հրապարակելու օրակարգը, հերթականությունը, որպեսզի ժողովուրդը իմանա, և ես կարծում եմ, որ մեզ սպասում են ճակատագրական, բախտորոշ և արտահերթ մի քանի ամիսներ, որոնք ենթադրում են նոր լուծումներ»: Նաև հայտարարել է, որ «եռյակի ղեկավարներին» տևապես հրավիրում է հանդիպումների: Նրա դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն»:
Րաֆֆու խոսքից ակնհայտ նկատվում է, որ նա անհանգստացած է Եռյակում տիրող մոնոպոլ- դիկտատուրայից և իր կոչով փորձում է մի տեսակ ներեռյակային համահարթեցում մտցնել: Նա ասես մի տեսակ իր վիրավորանքն է հայտնում Եռյակի սեպարատ քայլերի վերաբերյալ:
Հետաքրքական է այն հանգամանքը, որ Եռյակի ներկայացուցիչները գրեթե բոլոր ԶԼՄ-ների հետ հանդիպումների ժամանակ գլխավորապես խոսում են այն մասին, որ ոչ իշխանական ուժերի միջև ոչ մի տարաձայնություն չկա, և նրանք` հանուն իրենց ընդհանուր գաղափարի, ներկուսակացական և անձնական շահերը մի կողմ են դրել: Սակայն իրականում ներկայիս Եռյակում ընդգրկված ուժերը ոչ մի ընդհանուր եզրույթ չունեն, ավելին` ընդգծված սեպարատ պնդումների կողմնակից են: Սա ինքնին տարօրինակ վարքագիծ է, երբ խոսում ես մի բան, ներկայացնում լրիվ հակառակը:
Ընդդիմադիր ճակատն անընդհատ փորձում է ցույց տալ, թե իրար հետ են և իշխանափոխության ընթանում նույն մեկ ուղիով են, բայց միաժամանակ դրան զուգահեռ, իրար հակասող մեկ տասնյակի հասնող հայտարարություններ հնչեցնում, որոնք հետագայում այդ ուժերին կանգնեցնում են լուրջ «տրամաբանական վնասվածքի» առաջ:
Մի հանգամանք, այնուամենայնիվ, ընդդիմակաները շատ լավ հաշվարկել են: Խոսքը հայասատանյան առաջիկա համապետական ընտրությունների մասին է, քանի որ բոլորը փայլուն պատկերացնում են, որ իշխանական հիերարխիան կարգավորվելու և ուղղորդվելու է Մոսկվայից, ուստի սպասվելիք դերաբաշխումը կատարվելու է` կապված այն բանից, թե ԵՏՄ անդամակցության գործընթացին տվյալ քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն ինչ դերակատարություն է ունեցել և ինչ վարքագիծ է դրսևորել:
Այնպես որ, քաղաքական հայտարարություններն ու ինտրիգային մոտեցումները հենց այնպես չեն արվել:
Քաղաքականությունը որպես կանոն չի սիրում կարծրացած ու քարացած գործելաոճ, այն ավելի ճկուն մեխանիզմ է, սակայն երբ հարցը հասնում է միմյանց շահերն անտեսելուն և թիմակցին «զոհաբերելուն», հավատացեք, այդ կարծրության կարիքն ավելի շատ է զգացվում:
Հ.Գ. Սեմուլ Ջոնսոն. «Քաղաքական գործչի հմտությունն այն է, որ ավելի շատ շահի, բայց ավելի քիչ դնի»: