Tert.am-ը գրում է.
Այն ոլորտներում, որտեղ մասնավորը շահագրգիռ է որակյալ աշխատուժի պատրաստման մեջ, մենք ունենք կրթական ծրագրերի որակյալ աճ, և ՏՏ ոլորտն այդ օրինակներից մեկն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանիհայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առկա է շուրջ 2000 որակյալ մասնագետի պակաս:
«Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ տնտեսության այն ոլորտներում, որտեղ մասնավորը շահագրգիռ է որակյալ աշխատուժի պատրաստման մեջ, մենք ունենք կրթական ծրագրերի որակյալ աճ, և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդ օրինակներից մեկն է»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ իրենք առաջարկել են մասնավոր ընկերություններին աշխատուժի հնարավոր կանխատեսում անել՝ ըստ կրթության մակարդակների: «Ակնհայտ է, որ այդ 2000 թափուր աշխատատեղը ոչ միայն բարձրագույն կրթության մասնագետների, այլ նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդկանցով կարելի է համալրել: Առաջարկել ենք նաև լրացուցիչ պետական պատվեր տրամադրել՝ հատկապես միջին մասնագիտական կրթության ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման համար»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը թեև նշեց, որ տարեցտարի աճում է նաև պետական պատվերը՝ ՏՏ ոլորտի բարձրագույն կրթության համար, սակայն այդ ծավալներն, իհարկե, բավարար չեն շուկայի պահանջներին համապատասխանելու համար: «Որոնենք, տեսնենք, թե էլ ինչպես կարող ենք այս ուղղությամբ շահագրգռել երիտասարդներին, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն տվյալ մասնագիտություններին՝ ի հաշիվ տնտեսահասարակական բլոգի»,-ասաց նա:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մասնագետների պակասը տեսնում է ՏՏ ոլորտում արձանագրված աճով:
«Առաջընթաց է, դրա համար էլ պակաս կա: Վերջին տասը տարում ոլորտն ամեն տարի 25 տոկոսով աճում է»,-ասաց նա և նշեց, որ այդ աճը երկու հիմք ունի. առաջինը աշխատուժն է, երկրորդն էլ՝ եղած աշխատուժի արտադրողականության բարձրացումը:
Նա նշեց, որ քանի որ հայաստանյան բուհական համակարգը չի ապահովում որակյալ աշխատուժ, որ ավարտողները միանգամից անցնեն գործի, Հայաստանը միշտ դեֆիցիտ է ունենալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



