Կյանքի ընթացքում մենք հասունանում ենք ոչ միայն ֆիզիկապես, այլև էմոցիոնալ առումով։ Ժամանակի ընթացքում մենք ավելի ինքնավստահ ենք դառնում, ձգտում ենք լուրջ հարաբերություններ հաստատել, բարելավում ենք մեր կյանքը։ Ստորև ներկայացված ցուցակը կազմվել է Զիգմունդ Ֆրոյդի հետևորդների կողմից։ Դրանում ներկայացված են մարդու բնավորության այն գծերը, որոնք վկայում են մարդու հասունության մասին։
1. Կառուցողական քննադատությունն ընդունելու ունակություն
Սա բավականին կարևոր հատկություն է սեփական առավելություններն ու թերություններն անաչառ կերպով գնահատելու համար։ Պետք է պատրաստ լինել ճշմարտությունը լսելուն, ոչ թե հերքել այն։ Փախչելով խնդիրրներից կամ ձևացնելով, թե դրանք գոյություն չունեն՝ Դուք չեք ազատվի առկա դժվարություններից։ Երբ մարդկանց դժվար է ընդունել իրականությունը, նրանք փրկություն են որոնում պատրանքների մեջ, որոնք ի վերջո հուսաբեկության են հանգեցնում։
2. Փոփոխություններին հարմարվելու կարողություն
Փոփոխություն կատարելը միշտ չէ, որ հեշտ է։ Փոփոխություններից հետո ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, իսկ սթրեսները երբեմն անխուսափելի են լինում։ Երբեմն մենք սթրես ենք տանում անգամ այն դեպքերում, երբ ընդամենը մեր օրվա ծրագրերն են փոխվում, իսկ երբ փոխվում են մեր սոցիալական կարգավիճակը, բնակավայրը, աշխատանքը, մենք առավել մեծ դժվարությամբ ենք հարմարվում նոր իրավիճակին։ Իհարկե, երբ փոփոխությունը բարեփոխում է, անգամ սթրեսն է դրական լինում։ Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ադապտացվել փոփոխություններին, ոչ թե ամեն աննշան փոփոխության դեպքում նյարդայնանա ու ջղաձգվի։

3. Սթրեսների անընկալունակություն
Վախերը, ներքին անհանգստությունները և սթրեսը կարող են մի շարք առողջական խնդիրների հանգեցնել՝ քայքայելով Ձեզ ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես։ Սթրեսին պետք է վերաբերվել իբրև բնական երևույթ, սակայն թույլ չտալ, որպեսզի այն այնքան խորանա, որ սկսի իշխել Ձեզ։
4. Ընդունելու ու տալու կարողություն
Այն մարդիկ, ովքեր իրենց շրջապատի մարդկանց հատկացնում են իրենց ժամանակն ու ուշադրությունը, ինչպես նաև ցուցաբերում ֆինանսական օժանդակություն, մյուսներից շատ ավելի երջանիկ են։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ հակված են ընդունել այլոց օգնությունն առանց փոխադարձաբար օգնելու, հիմնականում էգոիստ ու նախանձ մարդիկ են։
5. Մարդկանց ըմբռնումով վերաբերվելու կարողություն
Կյանքը մարդկանց հետ փոխներգործության գործընթաց է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, թե Դուք ինչպես կկառուցեք Ձեր հարաբերությունները շրջակա աշխարհի հետ։ Սերն ու հարգանքը ներդաշնակ կյանքի երկու գլխավոր երաշխիքներն են։
6. Բացասական էներգիան կառուցողական ուժի վերածելու ունակություն
Կարևոր է, թե մարդ ինչպես է օգտագործում իր ձեռքի տակ եղած ռեսուրսները։ Որոշ մարդիկ այնքան խելամիտ ու ուժեղ կամքի տեր են, որ անգամ բացասական էներգիան են կարողանում իբրև ռեսուրս դիտարկել։ Նրանք փոխակերպում են բացասական էներգիան կառուցողական ուժի։ Հարկ է ոչ թե «ներս գցել» բացասական էմոցիաները, այլ փորձել օգտագործել դրանք ի շահ ինքներդ Ձեզ։ Օրինակ՝ որոշ մարդիկ բացասական փորձառություններից հետո ավելի նպատակասլաց են դառնոմ և ավելի մեծ թափով են ձգտում նվաճումների հասնել։
7. Սիրելու կարողություն
Սերը գերագույն ուժ է։ Մարդիկ ի ծնե օժտված են սիրելու կարողությամբ։ Պետք է պարզապես չսպանել այդ կարողությունը նրանց մեջ։ Ցավոք, կյանքի ընթացքում սերը երբեմն տեղի է տալիս ատելությանը, սակայն միշտ պետք է հիշել, որ ատելությունը և նմանատիպ այլ բացասական էմոցիաներն առաջին հերթին վնասում են հենց մեզ։



