Life.panorama.am-ը գրում է․

Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իմպիչմենթի արդեն տապալված նախաձեռնությունը ոչ պակաս քննադատությունների թիրախ էր դարձել հենց ընդդիմադիրների կողմից, մասնավորապես, եռյակի: Երբ խորհրդարանական եռյակն ակտիվ հանրահավաքային փուլում էր, իրեն ուղղված քննադատությունները բավական ցավոտ էին ընդունում: Ավելին՝ հայտարարում էին, եթե մեզ հետ ու մեր կողքին չեք, ապա մի խանգարեք: Նիկոլ Փաշինյանի պարագայում տեսնում ենք, որ այդ նույն եռյակն իր կողմից բարձրաձայնած սկզբունքը չի պահպանում և ակտիվորեն քննադատում է մեկ այլ ընդդիմադիր գործչի նախաձեռնությունը: Ինչու եռյակը չի պահպանում՝ եթե մեզ հետ չեք, ապա մի խանգարեք սկզբունքը:
Life.panorama.am-ի հարցին ի պատասխան ԲՀԿ խմբակցության Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ են առողջ մրցակցային հարաբերություններին: «Մենք եռյակով ունենք ծրագրավորված աշխատանք, որին միացել են արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, հասարակական կազմակերպություններ: Դա համեմատելի է շենքի կառուցման հետ, հիմա կեսից առաջարկում են խաղի կանոնը փոխելը: Նախագիծը փոխելն անհնար է, դա նշանակում է դու պետք է ամբողջությամբ դրանից հրաժարվես: Դա անհնար է, մենք ծրագրված առաջ ենք գնում, թողնենք մեր նախագիծը և անցնենք մի նախաձեռնության, որ թիթեռնիկի կյա՞նք է ունենալու: Եթե դա լիներ առողջ քաղաքական մրցակցային նախագիծ, իհարկե, կողմ կլինեինք»,-ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու Նիկոլ Փաշինյանի իրավունքը ոչ ոք չի վիճարկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



