1in.am-ը գրում է․
Իսպանիայում քննարկվում է Բարսելոնին մայրաքաղաքի կարգավիճակ տալու հարցը՝ Մադրիդի հետ հավասար:
1.6 միլիոն բնակչությամբ Բարսելոնը Կատալոնիայի գլխավոր քաղաքներից է: Վերջին տասնամյակում Կատալոնիայում տարածվել են անջատողական տրամադրություններ, որոնք ուժեղացել են ներկայիս տնտեսական ճգնաժամի ժամանակ: Կատալոնիայի անկախության կողմնակիցները նույնիսկ մշակել են 2015-ի «ճանապարհային քարտեզ»:
Բարսելոնին երկրորդ մայրաքաղաքի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես է եկել «Կատալոնական քաղաքացիական հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին Deutsche Welle պարբերականին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդո Վիլչեսը:
Վիլչեսը ենթադրում է, որ Բարսելոնի մայրաքաղաքային կարգավիճակը «շատ կատալոնացիների, որոնց անջատողականները ներշնչում են, թե նրանք իսպանական պետության «խորթ տղաներն են», թույլ կտա իրենց զգալ լիարժեք քաղաքացիներ, միասնական երկրի կարևոր մասնիկ»: Այդ պատճառով կազմակերպությունը Իսպանիայի իշխանություններին առաջարկում է «դեմքով շրջվել դեպի Կատալոնիան» և Բարսելոն տեղափոխել Սենատը, Սահմանադրական դատարանը և այլ պետական հաստատություններ, ինչպես նաև երբեմն այստեղ անցկացնել կառավարության նիստերը:
Երկու մայրաքաղաքների գաղափարին աջակցում է նաև Իսպանիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր՝ Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կատալոնական մասնաճյուղը: